Իսրայելի պաշտպանության բանակի զինվորները տեղյակ չէին, որ Պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Յահյա Սինվարը Գազայի գործողությունների վայրում է, հայտնել է The New York Times-ը՝ վկայակոչելով իսրայելցի անանուն պաշտոնյաներին։
Նրանց տեղեկություններով՝ իսրայելական ստորաբաժանումները Գազայի հարավում գտնվող տարածքն ստուգելիս փոխհրաձգության մեջ են մտել ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչների հետ։ Իսրայելցիներն անօդաչու թռչող սարքերի միջոցով ոչնչացրել են շենքի մի մասը, որտեղ թաքնված էին շարժման մի քանի զինյալներ։ Ըստ աղբյուրների, թեև Սինվարը Գազայում իսրայելական ռազմական արշավի հիմնական թիրախն էր, «զինյալների առաջնորդին սպանած զինվորները չէին սպասում, որ կհանդիպեն նրան»։
The Jerusalem Post թերթի փոխանցմամբ՝ Սինվարը մահից առաջ իր հետ տարել է Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքի գործակալության (UNRWA) աշխատակցի անձնագիրը։ Ըստ հրապարակման՝ իր անձնական իրերի թվում էին «Մենտոս» կոնֆետներ և 40 հազար շեքել (մոտ 10,7 հազար դոլար)։
Asharq al-Awsat թերթը կարծիք է հայտնել, որ Պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Յահյա Սինվարի մահը կարող է նպաստել Գազայի հատվածում հրադադարի շուրջ բանակցային գործընթացի առաջընթացին և անկլավում պահվող պատանդների ազատ արձակմանը։
Ըստ նրանց՝ Սինվարի բացակայության դեպքում առանցքային որոշումներ կայացնելու իրավունքը կանցնի Գազայի հատվածից դուրս գտնվող ՀԱՄԱՍ-ի ղեկավարության ներկայացուցիչներին՝ Լիբանանում, Թուրքիայում և Քաթարում։ Այս հանգամանքը, հրատարակության զրուցակիցների կարծիքով, «կարող է նպաստել բանակցությունների առաջխաղացմանը» և, հավանաբար, թույլ կտա բանակցային գործընթացն ավելի «հեշտ ու արագ» ընթանալ։
Հոկտեմբերի 17-ին Իսրայելը հաստատել էր ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Յահյա Սինվարի մահը, իսկ ավելի ուշ հայտնել էր, որ Սինվարին ոչնչացրել են Գազայի հատվածի հարավում իրականացված գործողության ընթացքում:
Տարածաշրջանում իրադրությունն ավելի էր սրվել հուլիսի 30-ին` Թեհրանում պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման առաջնորդ Իսմայիլ Հանիայի սպանությունից և Բեյրութի ուղղությամբ իսրայելական ավիահարվածի հետևանքով «Հեզբոլլահի» բարձրաստիճան հրամանատար Ֆուադ Շուքերի զոհվելուց հետո: Հանիայի մահից հետո Գազայի հատվածում պաղեստինյան շարժման առաջնորդ Յահյա Սինվարը նշանակվել էր ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար։
Իսրայելի ԱԳՆ-ն օգոստոսի 15-ին Հայաստանի և Իրանի հետ սահմանակից մի շարք այլ պետություններում իր քաղաքացիներին խորհուրդ էր տվել «առավելագույն զգոնություն և զգուշություն» ցուցաբերել։