195 միլիարդ դոլար կարողությամբ աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը համարվող Իլոն Մասկը խոստացել է մինչև նոյեմբերի 5-ն ամեն օր 1 միլիոն դոլար խաղարկել իր խնդրագիրն ստորագրողներին, որով նա խնդրում է աջակցել ԱՄՆ սահմանադրության առաջին և երկրորդ փոփոխություններին, հայտնում է ՌԲԿ-ն։
Փենսիլվանիա նահանգում Հանրապետական Դոնալդ Թրամփին աջակցության նպատակով ընտրողների հետ հանդիպման ժամանակ Մասկը տվել էր առաջին շահումը։
«Միակ բանը, որ խնդրում ենք այդ մեկ միլիոն դոլարն ստանալու համար, փոփոխությունների խնդրագիրն ստորագրելն է»,- ասել է գործարարը։
Մասկի ստորագրությունների խնդրագրում ասվում է, որ առաջին և երկրորդ փոփոխությունները երաշխավորում են խոսքի ազատություն և զենք կրելու իրավունք: Խնդրագիր ստորագրելու համար ընտրողներին գումար վճարելն ԱՄՆ-ում օրենքով արգելված չէ։
Հոկտեմբերի 16-ին հայտնի էր դարձել, որ Մասկը 3 ամսում 75 մլն դոլար էր ծախսել ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի նախընտրական արշավի վրա։ Հոկտեմբերի 5-ին Մասկը մասնակցել էր Փենսիլվանիայում տեղի ունեցած Թրամփի նախընտրական հավաքին։ ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները նախատեսվում են 2024 թվականի նոյեմբերի 5-ին։