Կալիֆոռնիայում բնակվող հայազգի փաստաբան Ռամելա Օհանյանը Variety-ի վարկածով ընդգրկվել է Հոլիվուդի 2024 թվականի ամենաազդեցիկ կանանց ցուցակում։
Օհանյանը Sheppard, Mullin, Richter & Hampton LLP-ի գործընկերն է և ժամանցային արդյունաբերության առաջատար գործարքներ կնքողներից մեկը, նշում է թերթը։
«Վերջին մեկ տարվա ընթացքում ցանցերն առաջնահերթություն են տվել ճկունությանը՝ իրենց պայմանագրերում ներառելով տարածման բազմաթիվ ուղիներ, ինչպիսիք են հոսքային մուլտիմեդիան և կինոպրոկատը»,- ասել է Օհանյանը` մատնանշելով համաշխարհային շուկայի վրա աճող շեշտադրումը:
Օհանյանի և ցուցակում ընդգրկված մյուս կանանց ցուցաբերած տոկունությունը Variety-ն անվանել է շոու բիզնեսի գաղտնի բաղադրիչ: Ազդեցիկ կանանց ցանկում են նաև ամերիկացի դերասանուհի Էմմա Սթոունը և գրող Ռեյչել Կոնդոն։
2021 թվականին Օհանյանը ճանաչվել էր The Hollywood Reporter-ի մինչև 35 տարեկան 35 աճող գործադիր տնօրեններից մեկը։ 2022 և 2023 թվականներին Variety-ն Օհանյանին ներառել էր լավագույն բանակցողների ցուցակում: