Իսպանական Վալենսիա քաղաքում ավելի քան 100,000 քաղաքացի բողոքի ակցիաներով պահանջում է շրջանի ղեկավար Կառլոս Մասոնի հրաժարականը, գրում է BBC-ն։
Ցուցարարներն իշխանություններին մեղադրում են հոկտեմբերին ավելի քան 200 մարդու կյանք խլած ջրհեղեղի մասին քաղաքացիներին ուշ իրազեկելու մեջ։
Բողոքի ակցիաներն ուղեկցվել են ոստիկանության հետ բախումներով։
Նոյեմբերի 3-ին Վալենսիայի բնակիչները ցեխ էին նետել երկրի թագավոր Ֆիլիպ VI-ի վրա, երբ վերջինս իր շքախմբի հետ ժամանել էր ջրհեղեղից տուժած շրջան։ ՆԳ նախարար Ֆերնանդո Գրանդե-Մարլասկան տեղեկացրել էր, որ միջադեպի ժամանակ անհայտ անձը հարվածել է վարչապետին, դեպքի առթիվ հետաքննություն է կատարվում։ Չնայած տեղի ունեցածին՝ թագավորն ու նրա կինը մնացել էին զրուցելու քաղաքի բնակիչների հետ։
Հոկտեմբերի 30-ին հորդառատ անձրևներ էին տեղացել Վալենսիա, Կաստիլիա-Լա Մանչա և Անդալուզիա ինքնավար համայնքներում: Ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել էր 211-ի։
Հոկտեմբերի 30-ին ՀՀ ԱԳՆ տեղեկացրել էր, որ Իսպանիայում ջրհեղեղի հետևանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ և հայեր չկան։