Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները չորս հարված են հասցրել Բեյրութի հարավային արվարձանում գտնվող Հարեթ Հուրեյք շրջանին, հաղորդում է «Ռիա Նովոստին»։
Նշվում է, որ իսրայելական ավիացիան կիրակի առավոտյան հարձակվել է բնակելի բազմահարկ շենքերի վրա, երբ իսրայելական բանակը նախազգուշացում է հրապարակել՝ Լիբանանի մայրաքաղաքի արվարձանի բնակիչներին կոչ անելով լքել տները:
«Հեզբոլլահ»-ը և Իսրայելը փոխադարձ սահմանային հարվածներ էին սկսել հասցնել մոտ մեկ տարի առաջ, երբ 2023 թվականի հոկտեմբերին սկսվել էր իսրայելական գործողությունը Պաղեստինի Գազայի հատվածում: Իրավիճակը սրվել էր, երբ Լիբանանում էլեկտրոնային սարքերի, այդ թվում՝ «Հեզբոլլահ»-ի կողմից հաղորդակցության համար օգտագործվող փեյջերների մի շարք պայթյուններ էին տեղի ունեցել, որոնց հետևանքով զոհվել էր 39 մարդ, վիրավորվել՝ մոտ 3400-ը: Խմբավորումը և լիբանանյան իշխանությունները հարձակումների համար մեղադրել էին Իսրայելին:
Սեպտեմբերի 20-ին իսրայելական բանակը հայտարարել էր, որ Լիբանանի հարավում խոցել է «Հեզբոլլահի» ավելի քան 100 արձակման կայան և թիրախ։ Սեպտեմբերի 20-ին Իսրայելն ավիահարված էր հասցրել Բեյրութի արվարձաններին, ինչի հետևանքով զոհվել էր 45 մարդ։ «Հեզբոլլահ»-ը հայտնել էր, որ հարվածի հետևանքով սպանվել էր խմբավորման 16 անդամ, այդ թվում՝ հրամանատարներ Իբրահիմ Աքիլը և Ահմեդ Վահբին: