Սիրիայի իշխանությունները փակել են Հալեպի օդանավակայանը և քաղաք տանող բոլոր ճանապարհները, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով ռազմական աղբյուրներին։
Միևնույն ժամանակ՝ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի դեմ հանդես եկող մի շարք սիրիական խմբավորումների զինյալներ հայտնել են, որ հասել են Հալեպի կենտրոն:
Գործակալության տվյալներով՝ Ռուսաստանը խոստացել է Դամասկոսին լրացուցիչ ռազմական օգնություն տրամադրել ապստամբների հարձակումը հետ մղելու համար։ Նոր սարքավորումները կսկսեն տեղ հասնել երեք օրվա ընթացքում, ասվում է հաղորդագրության մեջ։
Թուրքական հետախուզության աղբյուրները հայտնել են, որ ապստամբներին աջակցող Թուրքիան «կանաչ լույս է վառել» հարձակման համար: Այնուամենայնիվ, Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ Օնջու Քեչելին նոյեմբերի 29-ին ասել էր, որ Անկարան ձգտում է խուսափել տարածաշրջանում հետագա ապակայունացումից և նշել, որ վերջին հարձակումները խաթարում են դեէսկալացիայի համաձայնությունները, գրում է Reuters-ը։
ՄԱԿ-ի հումանիտար հարցերով փոխտնօրեն Դեյվիդ Քարդենը հայտնել է, որ վերջին երեք օրվա ընթացքում Սիրիայի հյուսիս-արևմուտքում առնվազն 27 խաղաղ բնակիչ է սպանվել, այդ թվում՝ երեխաներ:
Նոյեմբերի 27-ին մի շարք սիրիական խմբավորումների զինյալները՝ «Հայաթ Թահրիր ալ-Շամ» իսլամիստական խմբավորման գլխավորությամբ, հարձակում են սկսել Սիրիայի հյուսիս-արևմուտքում կառավարական ուժերի դեմ: Ըստ AP-ի՝ նոյեմբերի 30-ին գրոհայինները ներխուժել են Հալեպ և կարողացել են նաև վերահսկողություն հաստատել Սարաքեբ քաղաքի վրա, որը գտնվում է Հալեպը Դամասկոսի և ափի հետ կապող մայրուղիների ռազմավարական խաչմերուկում:
Թուրքական լրատվամիջոցները նոյեմբերի 29-ի ուշ երեկոյան հայտնել էին, որ գրոհայինները հասել են Հալեպի կենտրոնական շրջաններ, ինչպես նաև հարձակման ընթացքում գրավել են Հալեպ և Իդլիբ նահանգների մոտ 70 բնակավայր։ Սիրիական բանակի ստորաբաժանումները հակահարձակման են անցել գրոհայինների դիրքերի ուղղությամբ։
Գրոհայիններն առաջին անգամ Հալեպ են վերադարձել 2016 թվականից ի վեր, երբ Ասադը Ռուսաստանի, Իրանի և տարածաշրջանային շիա աշխարհազորայինների հետ միասին վերցրել էր քաղաքը: Հետո նրանք համաձայնել էին հեռանալ Հալեպից՝ ամիսներ շարունակ ռմբակոծություններից ու պաշարումից հետո: Ապստամբները հարձակումն անվանել են պատասխան նոյեմբերին ապստամբների կողմից վերահսկվող Իդլիբում քաղաքացիական օբյեկտների վրա ռուսական և սիրիական օդուժի ուժեղացված հարվածներին, որն ուղղված էր նաև սիրիական բանակի կողմից հնարավոր հարձակումները կանխելուն։
Զելենսկին ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց պատրաստ է դադարեցնել ռազմական հակամարտությունը․ ԶԼՄ
Ուկրաինայում ռազմական գործողությունների «թեժ փուլը» կարող է ավարտվել, եթե երկիրը միանա ՆԱՏՕ-ին՝ Կիևի վերահսկողության տակ գտնվող տարածքներով, Sky News-ին հայտարարել...