Սիրիական բանակը հայտնել է, որ գրոհայիններին հաջողվել է մտնել Հալեպ քաղաք, հայտնում է Reuters-ը: Սիրիայի զինված ուժերը հայտարարել են Հալեպի շրջանում իրենց ուժերի վերադիրքավորման մասին՝ հակահարձակման նախապատրաստվելու համար։
«Ահաբեկիչների մեծ թիվը և բազմաթիվ ճակատներ ստիպել են մեր զինված ուժերին իրականացնել վերաբաշխման գործողություն՝ հարձակումը հետ մղելու համար պաշտպանական գծերի ամրապնդմանը, խաղաղ բնակիչների և զինվորների կյանքը փրկելուն և հակահարձակման պատրաստվելուն ուղղված», – գործակալությունը մեջբերում է բանակի հայտարարությունը։
Զինվորականները հայտնել են զինյալների հարձակման ժամանակ տասնյակ կառավարական զինվորների մահվան մասին:
Ինչպես հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը, գրոհայինները գրավել են Հալեպի մեծ մասը, մասնավորապես՝ նրանց վերահսկողության տակ են անցել նահանգապետարանի շենքեր, ոստիկանության շտաբը, Հալեպի ամրոցը և ռազմական օդանավակայանը։
Նոյեմբերի 27-ին սիրիական մի շարք խմբավորումների զինյալներ՝ «Հայաթ Թահրիր ալ-Շամ» իսլամիստական խմբավորման գլխավորությամբ, հարձակում էին սկսել Սիրիայի հյուսիս-արևմուտքում կառավարական ուժերի դեմ: Նրանք գրավել էին Դամասկոսի և Հալեպի միջև ընկած ճանապարհը, որի հետևանքով զոհվել էր շուրջ 200 մարդ, այդ թվում՝ խաղաղ բնակիչներ։
Ըստ AP-ի՝ նոյեմբերի 30-ին գրոհայինները ներխուժել էին Հալեպ և վերահսկողություն հաստատել Սարաքեբ քաղաքի վրա, որը գտնվում է Հալեպը Դամասկոսի և ափի հետ կապող մայրուղիների ռազմավարական խաչմերուկում: Նոյեմբերի 30-ին սիրիական բանակը հաստատել էր գրոհայինների ներթափանցումը Հալեպ։
ՀՀ ՊՆ-ն նոյեմբերի 30-ին հայտնել էր, որ Հայաստանի իշխանությունները որոշում են կայացրել ժամանակավորապես կասեցնել ՀՀ-ի՝ 2019 թվականից Սիրիայի Հալեպի տարածաշրջանում գործող հումանիտար առաքելության գործունեությունը։ ՀՀ ԱԳՆ-ի տվյալներով՝ Սիրիայում տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ չկան։