Սիրիայի նախագահ Բաշար Ասադը խոստացել է հաղթել ահաբեկչությունը երկրում՝ անկախ նրանից, թե ովքեր են դրա կողմնակիցներն ու հովանավորները, հայտնել է սիրիական ՍԱՆԱ գործակալությունը:
«Ահաբեկչությունը հասկանում է միայն ուժի լեզուն, և դա այն լեզուն է, որի օգնությամբ այն կկոտրենք և կոչնչացնենք՝ անկախ դրա կողմնակիցներից և հովանավորներից»,- գործակալությունը մեջբերել է Ասադի խոսքերը:
Սիրիայի նախագահն ընդգծել է, որ ահաբեկիչները չեն ներկայացնում ժողովրդին կամ ինստիտուտները:
Նոյեմբերի 27-ին սիրիական մի շարք խմբավորումների զինյալներ՝ «Հայաթ Թահրիր ալ-Շամ» իսլամիստական խմբավորման գլխավորությամբ, հարձակում էին սկսել Սիրիայի հյուսիս-արևմուտքում կառավարական ուժերի դեմ: Նրանք գրավել էին Դամասկոսի և Հալեպի միջև ընկած ճանապարհը, որի հետևանքով զոհվել էր շուրջ 200 մարդ, այդ թվում՝ խաղաղ բնակիչներ։
Ըստ AP-ի՝ նոյեմբերի 30-ին գրոհայինները ներխուժել էին Հալեպ և վերահսկողություն հաստատել Սարաքեբ քաղաքի վրա, որը գտնվում է Հալեպը Դամասկոսի և ափի հետ կապող մայրուղիների ռազմավարական խաչմերուկում: Նոյեմբերի 30-ին սիրիական բանակը հաստատել էր գրոհայինների ներթափանցումը Հալեպ։
ՀՀ ՊՆ-ն նոյեմբերի 30-ին հայտնել էր, որ Հայաստանի իշխանությունները որոշում են կայացրել ժամանակավորապես կասեցնել ՀՀ-ի՝ 2019 թվականից Սիրիայի Հալեպի տարածաշրջանում գործող հումանիտար առաքելության գործունեությունը։ ՀՀ ԱԳՆ-ի տվյալներով՝ Սիրիայում տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ չկան։
Սիրիայում զինված հակամարտությունն սկսել է 2011 թվականից։ Գրոհայինները պարբերաբար հարձակումներ են իրականացնում մայրուղիների, քաղաքացիական և ռազմական մեքենաների վրա և ահաբեկում հեռավոր գյուղերի բնակիչներին: Սիրիական բանակը շարունակում է գրոհայինների ջոկատների ոչնչացման գործողությունները։