Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան կոչ են անում անհապաղ դադարեցնել Սիրիայում ռազմական գործողությունները և երկխոսություն հաստատել կառավարության և ընդդիմության միջև, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ Աստանայի ձևաչափի շրջանակներում երեք երկրների ԱԳ նախարարների հանդիպման արդյունքներով:
«Վճռականորեն հաստատել ենք մեր հավատարմությունը Սիրիայի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը և միասնականությանը, կոչ ենք արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները»,- Լավրովի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքսը»:
Նրա խոսքով՝ բոլոր նախարարները կողմ են արտահայտվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2254 բանաձևի ամբողջական իրականացմանը:
Ինչպես հայտնել է ՏԱՍՍ-ը, Լավրովը նաև հայտարարել է, որ «անթույլատրելի է, որպեսզի ահաբեկչական խմբավորումն իր վերահսկողության տակ վերցնի տարածքները՝ խախտելով գոյություն ունեցող համաձայնագրերը»: Նրա խոսքով՝ ՌԴ-ն կաջակցի Սիրիայի կառավարությանը, միևնույն ժամանակ՝ հանդես կգա ընդդիմության հետ երկխոսության օգտին:
Նոյեմբերի 27-ին սիրիական մի շարք խմբավորումների զինյալներ՝ «Հայաթ Թահրիր ալ-Շամ» իսլամիստական խմբավորման գլխավորությամբ, հարձակում էին սկսել Սիրիայի հյուսիս-արևմուտքում կառավարական ուժերի դեմ: Նրանք գրավել էին Դամասկոսի և Հալեպի միջև ընկած ճանապարհը, որի հետևանքով զոհվել էր շուրջ 200 մարդ, այդ թվում՝ խաղաղ բնակիչներ։
Ըստ AP-ի՝ նոյեմբերի 30-ին գրոհայինները ներխուժել էին Հալեպ և վերահսկողություն հաստատել Սարաքեբ քաղաքի վրա, որը Հալեպը Դամասկոսի և ափի հետ կապող մայրուղիների ռազմավարական խաչմերուկում է: Նոյեմբերի 30-ին սիրիական բանակը հաստատել էր գրոհայինների ներթափանցումը Հալեպ։
ՀՀ ՊՆ-ն նոյեմբերի 30-ին հայտնել էր, որ Հայաստանի իշխանությունները որոշում են կայացրել ժամանակավորապես կասեցնել ՀՀ-ի՝ 2019 թվականից Սիրիայի Հալեպի տարածաշրջանում գործող հումանիտար առաքելության գործունեությունը։
Դեկտեմբերի 1-ին Հալեպից դուրս գալու ժամանակ դիպուկահարի կրակոցից զոհվել էր հալեպահայ Երվանդ Արսլանյանը։
Սիրիայում զինված հակամարտությունն սկսել է 2011 թվականից։ Գրոհայինները պարբերաբար հարձակումներ են իրականացնում մայրուղիների, քաղաքացիական և ռազմական մեքենաների վրա և ահաբեկում հեռավոր գյուղերի բնակիչներին: Սիրիական բանակը շարունակում է գրոհայինների ջոկատների ոչնչացման գործողությունները։
Դեկտեմբերի 5-ին Հայաստանի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հայրենադարձների ինտեգրման բաժնի պետ Հովհաննես Ալեքսանյանն ասել էր, որ Հալեպում 10-12 հազար հայ կա և այս պահին հայերի տարհանում հնարավոր չէ։
Դեկտեմբերի 5-ին Սիրիայում զինյալ ապստամբները Համայից դուրս են մղել սիրիական բանակին՝ գրավելով այն։ Այնուհետև գրավել Հոմսից հյուսիս գտնվող երկու քաղաք։