Սիրիայում պետական հեռուստատեսությունը գրաված զինյալ ահաբեկիչներն ուղիղ եթերում հայտարարել են, որ վերահսկողություն են հաստատել երկրի նկատմամբ, հայտնել է Al Arabiya-ն։
Նրանք հայտարարել են, որ վերահսկում են Դամասկոսը։
Հեռուստաընկերությունն X-ի էջում հրապարակել է կադրեր, որտեղ Լաթաքիա նավահանգստային քաղաքում զինյալները հեռացնում են Սիրիայի նախկին նախագահ Հաֆեզ ալ-Ասադի արձանը:
Այն բանից հետո, երբ ահաբեկիչները մտել են Դամասկոս, Սիրիայի վարչապետ Մուհամմեդ ալ-Ջալալին իր տեսաուղերձում հայտնել է իշխանությունը խաղաղ ճանապարհով աստիճանաբար փոխանցելու պատրաստակամության մասին։
«Մենք ձեռք ենք մեկնում ընդդիմախոսներին, ովքեր հաստատել են, որ չեն վնասի որևէ մեկին։ Պատրաստ ենք նրանց հետ աշխատել, տրամադրել հնարավոր օգնություն և աստիճանաբար փոխանցել կառավարական գործերը՝ ապահովելով պետական օբյեկտների գործունեությունը»,- ասված է վարչապետի Facebook-յան ուղերձում։
Վարչապետը հավելել է, որ չի պատրաստվում լքել Դամասկոսը, և երկրում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին կշարունակի աշխատել պետական հաստատությունների գործունեությունն ապահովելու համար:
«Հավատում ենք, որ Սիրիան կարող է լինել նորմալ պետություն, որը լավ հարաբերություններ է կառուցում հարևանների և աշխարհի հետ՝ չանդամակցելով տարածաշրջանային որևէ դաշինքի։ Դա կախված է նրանից, թե ինչպիսի ղեկավարություն կընտրի սիրիացի ժողովուրդը»,- ընդգծել է վարչապետը։
Դեկտեմբերի 8-ին Al Jazeera հեռուստաալիքը հայտնել էր, որ զինյալները մտել են Դամասկոս։ Al Hadath-ը գրել էր, որ ահաբեկչական խմբավորումների զինյալները վերահսկողություն են հաստատել Դամասկոսի նկատմամբ։
Մինչ այդ ապստամբները գրավել էին մի քանի խոշոր քաղաքներ՝ Հալեպը, Համան, Դեր Զորը, Դերաան և Հոմսը։
Reuters-ի և Al Hadath-ի տեղեկություններով՝ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը լքել է Դամասկոսը։ Reuters-ի տվյալներով՝ Ասադը Դամասկոսից մեկնել է անհայտ ուղղությամբ։ Մարդու իրավունքների մոնիթորինգի սիրիական կենտրոնի տվյալներով՝ նա լքել է քաղաքը դեկտեմբերի 7-ի երեկոյան։
Ընդդիմության և իսլամիստների միասնական «Ալ Ֆաթհ Ալ-Մուբին» խմբավորման տելեգրամյան ալիքում գրել են, որ «Ասադը փախել է»: Ապստամբները հայտարարել են, որ «Դամասկոսն ազատ է բռնակալ Ասադից»։
Սիրիայում զինված հակամարտությունն սկսել էր 2011 թվականից։ Զինադադարը խախտվել էր 2024-ի նոյեմբերի 27-ին, երբ սիրիական մի շարք խմբավորումների զինյալներ՝ «Հայաթ Թահրիր ալ-Շամ» իսլամիստական խմբավորման գլխավորությամբ, հարձակում էին սկսել երկրի հյուսիս-արևմուտքում կառավարական ուժերի դեմ:
Դեկտեմբերի 1-ին Հալեպից դուրս գալու ժամանակ դիպուկահարի կրակոցից զոհվել էր հալեպահայ Երվանդ Արսլանյանը։