Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ այս պահի դրությամբ Սիրիայից ՀՀ քաղաքացիների և հայերի անվտանգ տարհանման հնարավորություն չկա, իսկ Դամասկոսում ՀՀ դեսպանության դիվանագիտական անձնակազմն իր աշխատանքները ժամանակավորապես կշարունակի Բեյրութից։
«Անցած շաբաթ Դամասկոսում դեսպանությունում թեժ գծի հայտարարումից հետո դեսպանությունը պատասխանել է ստացված զանգերին, որոնք վերաբերել են ՀՀ մուտքի արտոնագրերի, անձնագրերի ստացմանը, տարհանման հնարավորությանը, որի հնարավորությունն այս պահին բացակայում է»,- հավելել է գերատեսչությունը։
ԱԳՆ-ից նշել են, որ ՀՀ քաղաքացիների հետ կապը կպահպանվի Բեյրութում ՀՀ դեսպանության թեժ գծի միջոցով +9617447205 (բջջային):
Դեկտեմբերի 8-ին Սիրիայում պետական հեռուստատեսությունը գրաված զինյալ ահաբեկիչներն ուղիղ եթերում հայտարարել էին, որ վերահսկողություն են հաստատել երկրի նկատմամբ։
Ապստամբները զինանդադարը խախտելուց ի վեր գրավել էին մի քանի խոշոր քաղաքներ՝ Հալեպը, Համան, Դեր Զորը, Դերաան և Հոմսը։
ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հայրենադարձների ինտեգրման վարչության պետ Հովհաննես Ալեքսանյանը դեկտեմբերի 5-ին հայտնել էր, որ Հալեպում դեռ 10-12 հազար հայ կա։
Սիրիայում զինված հակամարտությունն սկսել է 2011 թվականից։ Զինադադարը խախտվել էր 2024-ի նոյեմբերի 27-ին, երբ սիրիական մի շարք խմբավորումների զինյալներ՝ «Հայաթ Թահրիր ալ-Շամ» իսլամիստական խմբավորման գլխավորությամբ, հարձակում էին սկսել երկրի հյուսիս-արևմուտքում կառավարական ուժերի դեմ:
Դեկտեմբերի 1-ին Հալեպից դուրս գալու ժամանակ դիպուկահարի կրակոցից զոհվել էր հալեպահայ Երվանդ Արսլանյանը։