Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի ինքնաթիռը, որով նա լքել էր երկիրը, անհետացել է տեսադաշտից, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Flightradar24 ծառայությանը։
Վերլուծելով Flightradar24-ի տվյալները՝ Reuters-ը գրել է, որ Ասադի ինքնաթիռը դուրս է եկել Դամասկոսի օդանավակայանից այն ժամանակ, երբ հաղորդվում էր, որ զինյալ ապստամբները գրավել են Սիրիայի մայրաքաղաքը։
«Նախքան քարտեզից անետանալը՝ ինքնաթիռը թռչել է Սիրիայի ափամերձ շրջանի ուղղությամբ, բայց հետո կտրուկ շրջվել է և մի քանի րոպե գնացել հակառակ ուղղությամբ»,- հավելել է պարբերականը։
Հղում անելով Սիրիայի իր երկու աղբյուրի՝ պարբերականը գրել է, որ «մեծ հավանականություն կա, որ Ասադը կարող էր զոհվել ավիավթարի հետևանքով, քանի որ առեղծված է մնում, թե ինչո՞ւ է ինքնաթիռն անսպասելիորեն շրջվել և անհետացել քարտեզից»։
Դեկտեմբերի 8-ին Սիրիայում պետական հեռուստատեսությունը գրաված զինյալ ահաբեկիչներն ուղիղ եթերում հայտարարել էին, որ վերահսկողություն են հաստատել երկրի նկատմամբ։
Reuters-ը և Al Hadath-ն ավելի վաղ գրել էին, որ Ասադը լքել է Դամասկոսը։ Reuters-ի տվյալներով՝ Ասադը Դամասկոսից մեկնել էր անհայտ ուղղությամբ։ Մարդու իրավունքների մոնիթորինգի սիրիական կենտրոնի տվյալներով՝ նա լքել էր քաղաքը դեկտեմբերի 7-ի երեկոյան։
Ընդդիմության և իսլամիստների միասնական «Ալ Ֆաթհ Ալ-Մուբին» խմբավորման տելեգրամյան ալիքում գրել էին, որ «Ասադը փախել է»: Ապստամբները հայտարարել էին, որ «Դամասկոսն ազատ է բռնակալ Ասադից»։
Սիրիայում զինված հակամարտությունն սկսել էր 2011 թվականից։ Զինադադարը խախտվել էր 2024-ի նոյեմբերի 27-ին, երբ սիրիական մի շարք խմբավորումների զինյալներ՝ «Հայաթ Թահրիր ալ-Շամ» իսլամիստական խմբավորման գլխավորությամբ, հարձակում էին սկսել երկրի հյուսիս-արևմուտքում կառավարական ուժերի դեմ: Մինչ երկրի նկատմամբ վերահսկողություն հաստատելը՝ նրանք գրավել էին Հալեպը, Համան, Դեր Զորը, Դերաան և Հոմսը։ Դեկտեմբերի 1-ին Հալեպից դուրս գալու ժամանակ դիպուկահարի կրակոցից զոհվել էր հալեպահայ Երվանդ Արսլանյանը։
ՀՀ ԱԳՆ-ն դեկտեմբերի 8-ին հայտարարել էր, որ Սիրիայից հայերի անվտանգ տարհանման հնարավորություն այս պահին չկա։