Սիրիայի խորհրդարանի պատգամավոր Մարիա Գաբրիելյանը խոսել է Հալեպի ռազմական վարչակազմի ներկայացուցիչների՝ քաղաքի հայ և քրիստոնյա համայնքի հետ հանդիպման մասին։ Ավելի վաղ հանդիպման մասին հայտնել էր տեղական «Գանձասար» հրատարակությունը։
«Արմենպրես»-ի հետ զրույցում պատգամավորն ասել է, որ համայնքներին արդեն տրվել են անվտանգության երաշխիքներ։ Նրա խոսքով՝ հանդիպումը վերաբերել է համագործակցությանը և աշխատանքների համակարգմանը, որոնց շուրջ ձեռք են բերվել պայմանավորվածություններ։
Գաբրիելյանն ասել է, որ Հալեպում ջրամատակարարումը վերականգնվել է, սակայն էլեկտրամատակարարումը շարունակվում է սահմանափակ լինել՝ օրական երկու ժամ։ Նրա խոսքով՝ թեև քաղաքում սննդի պակաս չկա, սակայն բնակիչները դժվարությունների են բախվում գնաճի պատճառով։
Հեռուստալրագրող և ուսուցիչ Թալին Գազազյանը գործակալությանը նաև տեղեկացրել է Սիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող հիմնականում հայերով բնակեցված Քեսաբ քաղաքում տիրող իրավիճակի մասին։ Նրա խոսքով՝ քաղաք մտած ընդդիմադիր ուժերը հայերին վստահեցրել են, որ իրենք ապահով կլինեն։
«Այստեղ հիմա ամեն ինչ լավ է։ Նրանք մեզ ոչ մի վնաս չեն պատճառել։ Մենք՝ հայերս, ապահով ենք»,- ասել է Գազազյանը՝ հավելելով, որ հայ հոգևորականների և ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների հանդիպումը և երկխոսությունն անցել է «լավ մթնոլորտում»։ Նա նաև նշել է, որ Քեսաբ մտած ուժերը բնակիչներին սնունդ են մատակարարում, քանի որ տեղի առևտրի կենտրոններում սննդի պակաս կա։
Սիրիայում զինված հակամարտությունն սկսել էր 2011 թվականից։ Զինադադարը խախտվել էր 2024-ի նոյեմբերի 27-ին, երբ սիրիական մի շարք խմբավորումների զինյալներ՝ «Հայաթ Թահրիր ալ-Շամ» իսլամիստական խմբավորման գլխավորությամբ, հարձակում էին սկսել երկրի հյուսիս-արևմուտքում կառավարական ուժերի դեմ: Նրանք գրավել էին Հալեպը, Համան, Դեր Զորը, Դերաան և Հոմսը։
Դեկտեմբերի 8-ին զինյալ ահաբեկիչներն ուղիղ եթերում հայտարարել էին, որ վերահսկողություն են հաստատել Սիրիայի նկատմամբ։ Նույն օրը ԶԼՄ-ները տեղեկացրել էին, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը լքել է Սիրիան։ ՌԴ ԱԳՆ-ն ավելի ուշ հայտարարել էր, որ Սիրիայի նախագահը թողել է պաշտոնը և լքել երկիրը։ ՏԱՍՍ-ն ավելի ուշ գրել էր, որ Ասադն ու նրա ընտանիքի անդամները ժամանել են Մոսկվա, ՌԴ-ն նրանց ապաստան է տրամադրել։