Դեկտեմբերի 11-ի երեկոյան Իսրայելում ահաբեկիչը կրակ է բացել Երուսաղեմ մեկնող ավտոբուսի վրա, որի հետևանքով 10-ամյա տղա է զոհվել, կան վիրավորներ, գրել է Times of Israel-ը։
Նշվում է, որ 3 մարդ ստացել է միջին և թեթև աստիճանի վնասվածքներ։
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ ահաբեկչին հաջողվել է փախչել հանցագործության վայրից, նրան որոնում են, հավելել է կայքը։
Դեկտեմբերի 2-ին Իսրայելի ռազմաօդային ուժերի անօդաչու թռչող սարքը Լիբանանի հարավում գտնվող Մարջայուն քաղաքում հարվածել էր մոտոցիկլետի, ինչի հետևանքով մեկ մարդ էր զոհվել։ Նույն օրը լիբանանյան «Հեզբոլլահ» խմբավորման զինյալները զինադադարից հետո առաջին անգամ երկու հրթիռ էին արձակել Իսրայելի հյուսիս։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հրթիռային հարձակումն անվանել էր «հրադադարի կոպիտ խախտում» և խոստացել «ուժեղ» պատասխան տալ։
Լիբանանի խորհրդարանի ղեկավար Նաբիհ Բերրին հայտարարել էր, որ Իսրայելը հրադադարը խախտել է 54 անգամ։ Բերրին կոչ էր արել դադարեցնել հրադադարի խախտումները, իսկ Իսրայելին դուրս բերել իր զորքերը Լիբանանի տարածքից:
Նոյեմբերի 26-ին Իսրայելի ռազմաքաղաքական կաբինետը հաստատել էր Լիբանանում հրադադարի համաձայնագիրը։ Կարճ ժամանակ անց ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր, որ Իսրայելի և «Հեզբոլլահի» միջև պայմանավորվածությունները ներառում են լիբանանյան ուժերի վերահսկողությունն իրենց տարածքի նկատմամբ՝ 60 օրվա ընթացքում: Հայաստանը ողջունել էր Լիբանանի և Իսրայելի միջև ձեռք բերված հրադադարի համաձայնությունը: