Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը և Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության (MIT) ղեկավար Իբրահիմ Քալընը ժամանել են Դամասկոս։
Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Սիրիայի տեղեկատվության նախարարությանը, Դամասկոս է ժամանել թուրք-կատարական պատվիրակությունը, որի կազմում են Ֆիդանը, Քալընը և Կատարի պետական անվտանգության ծառայության ղեկավար Խալֆան ալ-Քաաբին։ Նշվում է, որ նրանք նախատեսում են հանդիպել սիրիական «Հայաթ Թահրիր ալ-Շամ» խմբավորման առաջնորդ Ահմեդ ալ-Շարաայի և Սիրիայի ժամանակավոր վարչապետ Մուհամմեդ ալ-Բաշիրի հետ։
Թուրքական Daily Sabah-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի հետախուզական ծառայության ղեկավարը Դամասկոսի Օմայադ մզկիթում անվտանգության խստացված միջոցառումների պայմաններում աղոթել է։
Սիրիայում զինված հակամարտությունն սկսել էր 2011 թվականից։ Զինադադարը խախտվել էր 2024-ի նոյեմբերի 27-ին, երբ սիրիական մի շարք խմբավորումների զինյալներ՝ «Հայաթ Թահրիր ալ-Շամ» իսլամիստական խմբավորման գլխավորությամբ, հարձակում էին սկսել երկրի հյուսիս-արևմուտքում կառավարական ուժերի դեմ: Նրանք գրավել էին Հալեպը, Համան, Դեր Զորը, Դերաան և Հոմսը։
Դեկտեմբերի 8-ին զինյալ ահաբեկիչներն ուղիղ եթերում հայտարարել էին, որ վերահսկողություն են հաստատել Սիրիայի նկատմամբ։ Նույն օրը ԶԼՄ-ները տեղեկացրել էին, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը լքել է Սիրիան։ ՌԴ ԱԳՆ-ն ավելի ուշ հայտարարել էր, որ Սիրիայի նախագահը թողել է պաշտոնը և լքել երկիրը։ «ՏԱՍՍ»-ն ավելի ուշ գրել էր, որ Ասադն ու նրա ընտանիքի անդամները ժամանել են Մոսկվա, ՌԴ-ն նրանց ապաստան է տրամադրել։