ԵՄ դիվանագիտական առաքելության ներկայացուցիչները կմեկնեն Դամասկոս՝ կապ հաստատելու Սիրիայի նոր ղեկավարության հետ, Интерфакс-ի փոխանցմամբ՝ հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը։
«Ես եվրոպացի բարձրաստիճան դիվանագետներին հանձնարարել եմ մեկնել Դամասկոս՝ նոր կառավարության հետ կապ հաստատելու համար։ Առաջին հերթին՝ պետք է որոշենք, թե ի՞նչ մակարդակով կշփվենք Սիրիայի նոր ղեկավարության հետ և ի՞նչ քայլեր ենք ուզում ձեռնարկել նրանց հետ հարաբերություններ հաստատելու համար», – ասել է Կալլասը։
Նա հավելել է, որ «առաջիկա շաբաթներն ու ամիսները ցույց կտան, թե արդյոք Սիրիայում իշխանության եկած խմբավորումները ճիշտ ուղղությա՞մբ են շարժվում, որից հետո պատրաստ կլինեն քննարկել հետագա քայլերը»:
Դեկտեմբերի 9-ին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր, որ Գոլանի բարձունքները հավերժ կմնան Իսրայելի անբաժանելի մասը։ Դեկտեմբերի 10-ին Իսրայելը հարվածներ էր հասցրել Սիրիայի ավիաբազաներին։ Նույն օրը Կացը հայտարարել էր, որ իսրայելական զինվորականներին հանձնարարվել է «ստերիլ պաշտպանական գոտի» ստեղծել Սիրիայի հարավում։
Սիրիայում զինված հակամարտությունն սկսել էր 2011 թվականից։ Զինադադարը խախտվել էր 2024-ի նոյեմբերի 27-ին, երբ սիրիական մի շարք խմբավորումների զինյալներ՝ «Հայաթ Թահրիր ալ-Շամ» իսլամիստական խմբավորման գլխավորությամբ, հարձակում էին սկսել երկրի հյուսիս-արևմուտքում կառավարական ուժերի դեմ: Նրանք գրավել էին Հալեպը, Համան, Դեր Զորը, Դերաան և Հոմսը։
Դեկտեմբերի 8-ին զինյալ ահաբեկիչներն ուղիղ եթերում հայտարարել էին, որ վերահսկողություն են հաստատել Սիրիայի նկատմամբ։ Նույն օրը ԶԼՄ-ները տեղեկացրել էին, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը լքել է Սիրիան։ ՌԴ ԱԳՆ-ն ավելի ուշ հայտարարել էր, որ Սիրիայի նախագահը թողել է պաշտոնը և լքել երկիրը։ ՏԱՍՍ-ն ավելի ուշ գրել էր, որ Ասադն ու նրա ընտանիքի անդամները ժամանել են Մոսկվա, ՌԴ-ն նրանց ապաստան է տրամադրել։