Ռուսաստանին չեն բավարարում ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի թիմի առաջարկները՝ Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին 20 տարով հետաձգելու և այնտեղ ԵՄ-ի և բրիտանացի խաղաղապահների կոնտինգենտ մտցնելու վերաբերյալ, ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Դատելով բազմաթիվ արտահոսքերից և Թրամփի՝ դեկտեմբերի 12-ին Time ամսագրին տված հարցազրույցից՝ նա խոսում է շփման գծի երկայնքով ռազմական գործողությունների «սառեցման» և Ռուսաստանի հետ առճակատման հետագա պատասխանատվությունը եվրոպացիներին փոխանցելու մասին։ Մեզ, իհարկե, չի բավարարում Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին 20 տարով հետաձգելու, ինչպես նաև «բրիտանական և եվրոպական ուժերի» խաղաղապահ կոնտինգենտը Ուկրաինա մտցնելու առաջարկները»,- ընդգծել է նախարարը։
Միաժամանակ՝ Լավրովը նշել է, որ Մոսկվան ուկրաինական կարգավորման վերաբերյալ ԱՄՆ-ից պաշտոնական ազդանշաններ չի ստացել։
«Մինչև հունվարի 20-ը՝ երդմնակալության օրը, Թրամփն ունի «ընտրված նախագահի» կարգավիճակ, և բոլոր ուղղություններով բոլոր քաղաքականությունները որոշվում են ներկայիս նախագահ Ջո Բայդենի և նրա վարչակազմի կողմից։ Առայժմ միայն վերջինս է իրավասու ԱՄՆ-ի անունից շփումների մեջ մտնել Ռուսաստանի հետ։ Ժամանակ առ ժամանակ, ինչպես մենք պարբերաբար տեղեկացնում ենք, դա տեղի է ունենում, բայց նման շփումներում Ուկրաինայի վերաբերյալ բանակցությունների մասին խոսք չկա»,- պարզաբանել է ռուսական դիվանագիտության ղեկավարը։