ԱՄՆ 39-րդ նախագահ Ջիմի Քարթերը՝ ամերիկացի առաջնորդներից ամենատարեցը, մահացել է 100 տարեկանում, հայտնել է The Washinton Post-ը։
Վերջին երկու տարին նա անցկացրել է հոսփիսային խնամքի տակ՝ մելանոմայի բուժումից հրաժարվելուց հետո:
Քարթերը ծնվել է ֆերմերների ընտանիքում և մինչ քաղաքական գործիչ դառնալը հաջողությամբ զարգացրել է գետնանուշի սերմեր և պարարտանյութեր վաճառող ընտանեկան բիզնեսը։ Նա զբաղեցրել է Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնը 1977-1981 թվականներին։ Որպես նախագահ՝ Քարթերը միջնորդել է Քեմփ Դեյվիդի համաձայնագիրը, որը ճանապարհ է հարթել Իսրայելի և Եգիպտոսի միջև խաղաղության պայմանագրի կնքման համար:
Թոշակի անցնելուց հետո Քարթերն զբաղվել է բարեգործությամբ։ 1982 թվականին կնոջ՝ Ռոզալինի հետ, հիմնել է Քարթերի կենտրոնը, որը նպաստում է մարդու իրավունքների պաշտպանությանը։
2002 թվականին Քարթերն արժանացել է Խաղաղության Նոբելյան մրցանակի՝ միջազգային հակամարտություններին խաղաղ լուծումներ գտնելու և ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված ջանքերի համար։ Նրա կինը՝ Ռոզալին Քարթերը, ում հետ նա ամուսնացած էր 77 տարի, մահացել է 2023 թվականի նոյեմբերին՝ 96 տարեկան հասակում։