Ֆրանսիացիների ավելի քան 60%-ը պաշտպանել է հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի հրաժարականը, հայտնում է «ՏԱՍՍ»-ը՝ հղում անելով Le Figaro թերթի պատվերով Odoxa-Backbone սոցիոլոգիական ծառայության անցկացրած հարցմանը։
Մակրոնի հրաժարականին կողմ է հարցվածների 61%-ը։ Ինչպես նշում է հրատարակությունը, 2024 թվականի սեպտեմբերից այս ցուցանիշն աճել է 7 տոկոսային կետով։ Հարցվածների 38%-ը դեմ է արտահայտվել հրաժարականին, հետազոտության մասնակիցների 1%-ը դժվարացել է պատասխանել։
Ֆրանսիացիների մեծամասնությունը նաև կարծում է, որ Ֆրանսուա Բայրուն չի կարողանա վարչապետի պաշտոնում մնալ մինչև տարեվերջ՝ հարցվածների 86%-ը համոզված է, որ Ֆրանսիայի նախագահը պետք է նոր վարչապետ նշանակի 2025 թվականին։
Հարցումն անցկացվել է հունվարի 2-3-ը, մասնակցել է 1005 մարդ։
Մակրոնը Բայրուին վարչապետ էր նշանակել դեկտեմբերի 13-ին։ Ֆրանսիայի նախագահն ընդունել էր կառավարության հրաժարականի մասին վարչապետ Միշել Բարնիեի խնդրանքը, երբ Ֆրանսիայի Ազգային ժողովը հաստատել էր կառավարությանն անվստահություն հայտնելու որոշումը՝ կապված 2025 թվականի պետբյուջեի սոցիալական բաժինների ընդունման հետ։