Մարտի 23-ին Երևանի կենտրոնում բնակիչները բողոքի ակցիա են իրականացրել Կասկադի ծառահատումների և փոխարենը դեկորատիվ ծառեր տնկելու դեմ։
Որոշումը, ինչպես Armenia Today-ին հայտնեց Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանը, կայացվել է մոտ մեկ ամիս առաջ քաղաքապետարանում տեղի ունեցած նիստում։ Նրա խոսքով, Երևանում կան ծառեր, որոնք տարիքի և հիվանդությունների պատճառով փոխարինման կարիք ունեն, սակայն մեծ ծառերը զանգվածաբար հատելն անընդունելի է, քանի որ դա սպառնում է բնապահպանական խնդիրներին։
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ տնօրեն Արմեն Բեգոյանը մեզ հետ զրույցում ասաց, որ քաղաքապետարանում որոշումն ընդունվել է մասնագետների հետ խորհրդակցություններից և ուսումնասիրությունների արդյունքներից հետո։
Բեգոյանի խոսքով, 2500 ծառ է գնվել և կտնկվի ամբողջ Երևանի հատված ծառերի փոխարեն։ 150 մլն դրամ (386 000 դոլար) ծախսվել է բյուջեից ծառեր գնելու համար։
Armenia Today-ը շրջել է Երևանի կենտրոնում և խնդրել է քաղաքացիներին գնահատել քաղաքապետարանի որոշումը։
Հարցման մասնակիցների մեծ մասը դեմ էր ծառահատումներին։
Քաղաքացիներից մեկը փաստարկեց, որ հին ծառերն ամենագեղեցիկն են և օգտակար․ «Սխալ է շատ, հներն ամենամեծ ու գեղեցիկ ծառեր են, ինձ թվում է քաղաքում հացենին է շատ, որ ամռանը շատ հաճելի է, չի արտադրում անգամ խեժեր, յուղեր, որ թափվի բնակիչների վրա և թթվածնով ապահովում է, օդը մաքրում, ինձ չի թվում, որ ճիշտ որոշում է, դա սխալ է, ես դեմ եմ բոլոր տեսակի ծառահատումներին»։
«Ծառահատումներին, առհասարակ դեմ եմ, միայն այն դեպքում, եթե ծառերն արդեն իրենց կյանքն ապրել են և անհրաժեշտություն կա փոխարինելու, հակառակ դեպքում նոր տնկված ծառերը շատ ավելի ուշ կարող են նոր արդյունք տալ քաղաքի մաքրության հետ կապված», – ասաց քաղաքացիներից մեկը։
Կային քաղաքացիներ, որոնք կողմ էին ծառահատումներին։ Ըստ նրանց՝ այդ ծառերն արդեն հին էին և ոչ պիտանի․ «Նորմալ եմ վերաբերվում, փչացած ծառերը բնականաբար պետք է կտրել, նորը տեղադրել, ինչքան Երևանում ապրում եմ, ծնվել, մեծացել եմ այդ ծառերն այդտեղ տնկված են եղել, այսինքն գոնե մի 40֊50 տարվա կլինեն»։
Իսկ ահա մեկ այլ քաղաքացի էլ ասաց, որ նախագծին ծանոթ է և ամեն ինչ շատ լավ է լինելու, միակ խնդիրը թթվածնի պակասն է․ «Ես տեսել եմ նախագիծը ու ինձ թվում է, հետաքրքիր է ու ավելի ճիշտ, որովհետև քաղաքը կգեղեցկանա, միակ խնդիրը թթվածնի առումով է, քաղաքի թթվածինը կպակասի, բայց ավելի գեղեցիկ կլինի, ավելի խնամված ու գեղեցիկ քաղաք կունենանք», – նշեց քաղաքացին։
Մանրամասները՝ տեսանյութում։