Երևանի Ա և Բ գոտիների ավտոկայանատեղիները այսօրվա և վաղվա ընթացքում կգործեն անվճար, քանի որ կարող է առաջանալ չնախատեսված կայանումների անհրաժեշտություն, հայտնել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
Նա քաղաքացիներին կոչ է արել ավտոտրանսպորտային միջոցներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում և բացառապես ձմեռային անվադողերով:
Նա տեղեկացրել է, որ գիշերվանից ձյան տեղումների վերսկսմանը զուգահեռ՝ մայրաքաղաքի վարչական շրջաններում մեկնարկել են և շարունակվում են ձնամաքրման աշխատանքները:
2023թ. դեկտեմբերի 26-ին Երևանի ավագանին ընդունել էր կարմիր գծերի թանկացման նախագիծը։ Ավտոկայանատեղիների վճարների դրույքաչափերը սահմանվել էին գոտիավորման սկզբունքով՝ Ա և Բ գոտիներով: Ա գոտին ներառում է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, Ագաթանգեղոս, Խանջյան, Ալեք Մանուկյան, Չարենց, Կորյուն, Աբովյանի պուրակ, Իսահակյան, Մոսկովյան, Սարյան և Լեո փողոցների շրջանակը, ընդհանուր՝ շուրջ 40 փողոց և պողոտա: Ընդունված նախագծի համաձայն՝ նշված հատվածներում յուրաքանչյուր 1 ժամվա համար կսահմանվի 300 դրամ, 1 օրվա համար՝ 2000 դրամ, մեկ շաբաթվա համար՝ 5000 դրամ, մեկ ամսվա համար՝ 18000 դրամ, մեկ տարվա համար՝ 160 000 դրամ։