«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի վարորդներն ու աշխատակիցները կազմակերպության նոր տնօրեն Սամվել Նազարյանի «անհիմն ազատումների» դեմ գործադուլ են հայտարարել: Նրանք նշել են, որ այս պայմաններում չեն պատրաստվում աշխատել նոր տնօրենի հետ։
Նրանք News.am-ին պատմել են, որ հարգալից վերաբերմունք են պահանջում աշխատողների նկատմամբ։ Վարորդների ու աշխատակիցների խոսքով՝ նոր տնօրենը ոչ ոքի հետ չի խոսում, անգամ չի ծանոթացել աշխատակիցների հետ։ Ազատված աշխատակիցների թիվը, ըստ վարորդների, 7-8 է։
Վարորդները նշել են, որ նոր տնօրենը «քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի մարդն է»։ Նրանց խոսքերով՝ այժմ ընկերությունը «կառավարում է տրանսպորտի վարչության պետը, իսկ նոր տնօրենն առանց իրեն հարցնելու ոչ մի թղթի տակ ստորագրություն չի դնում»։
«Ինքն ասում է՝ կա՛մ բարձրացեք վերև աշխատեք, կա՛մ ազատված եք բոլորդ, 10 րոպեն մեկ հեռացման հրաման եմ տալու»,- պատմել են վարորդները։
Նրանք հայտնել են, որ Նազարյանը տնօրեն է նշանակվել ապրիլի 8-ին, որից հետո ազատման հրամաններ է տալիս։
«Այսօր հերթը հասել է գլխավոր ճարտարագետ Անդրանիկ Մանուկյանին, որն այս ընկերության ստեղծման օրվանից աշխատում է այստեղ: 1500 հոգու, որից 200-ը վարչակազմն է, 1330-ը՝ վարորդներ, պատրաստ են աշխատանքից ազատել, քաղաքը կաթվածահար անել իրենց ամբիցիաների համար: Մենք պահանջում ենք, որ Մանուկյանը մնա, աշխատի»,- հայտարարել են աշխատակիցները։
Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանն, անդրադառնալով գործադուլին, նշել է, որ հասարակական տրանսպորտի որոշ երթուղիներում վարորդների կողմից արձանագրվել են աշխատանքային պարտականությունները չկատարելու և ուղեգծերից անհիմն դուրս գալու դեպքեր:
Նրա խոսքով՝ քաղաքապետարանը վարորդների գործադուլը դիտարկում է «որպես սաբոտաժային քայլ՝ ընդդեմ տրանսպորտի ոլորտում իրականացվող բարեփոխումներին»։
«Առկա են ստույգ տվյալներ, որ վարորդների կողմից այսօր կատարված գործողություններն ուղղորդված են, ուստի հետամուտ ենք լինելու, որպեսզի այս գործողություններն իրականացնողներն ու կազմակերպիչները կրեն քրեաիրավական ամենախիստ պատասխանատվությունը»,- հավելել է խոսնակը։