Երևանում նոյեմբերի 1-ից MAN, ZhongTong և GazelCity մակնիշի փոխադրամիջոցներից օգտվելիս պարտադիր պայման է լինելու 100 դրամանոց մետաղադրամի առկայությունը կամ վճարային համակարգով QR կոդով վճարումը, հայտնել են քաղաքապետարանից։
Քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանի խոսքով՝ վարորդներն ուղևորներից առձեռն գումար չեն վերցնելու և մանրը չեն վերադարձնելու։
«Նպատակը, նախևառաջ, հնարավոր ստվերային շրջանառությունը կանխելն է, այդպիսով՝ վարորդներին իրենց հիմնական գործից չշեղելը, ինչպես նաև հունվարի 1-ից սպասվող միասնական տոմսային համակարգին անցում կատարելուն նախապատրաստվելը»,- նշել է Կոստանյանը։
Հոկտեմբերի 13-ին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնել էր, որ երկու շաբաթվա ընթացքում 171 նոր ավտոբուս և 15 տրոյելբուս կլինի Երևանում։ Մարտի 12-ին Երևանի ավագանին ընդունել էր տոմսերի միասնական համակարգ ներդնելու նախագիծը։ Ավինյանը հունիսի 25-ին ասել էր, որ 2025 թվականի հունվարի 1-ից կսկսի գործել հասարակական տրանսպորտի ուղեվարձի միասնական համակարգը, որը նախատեսում է տրանսպորտի թանկացում։
Նա նաև հավելել է, որ վերջին 4 ամիսների ընթացքում «Երևանի ավտոբուս» ՓԲԸ հասույթը կազմել է երկու միլիարդ ութ հարյուր տասնյոթ միլիոն դրամ, ինչը դրան նախորդող 4 ամիսների համեմատ ավելացել է 3․9%: Ըստ Կոստանյանի՝ սեպտեմբեր ամսվա աշխատանքային օրերին հավաքագրվող հասույթն օրական կազմել է 30-32 միլիոն դրամ։
Մայիսի 22-ին «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ի վարորդները և աշխատակիցները գործադուլ էին հայտարարել՝ ի նշան բողոքի կառույցի ղեկավարի կողմից իրականացվող «չհիմնավորված աշխատանքից ազատումների» դեմ։ Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանն ասել էր, որ քաղաքապետարանը վարորդների գործադուլը համարում է «որպես դիվերսիա տրանսպորտի ոլորտում իրականացվող բարեփոխումների դեմ»։
Նույն օրը երեկոյան Ավինյանը հանդիպել էր գործադուլ անող վարորդների և «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ի աշխատակիցների հետ։ Նա հայտնել էր, որ ստուգումներ են անցկացնում, քանի որ ի տարբերություն մարտ ամսվա՝ ապրիլին 4,5 մլն դրամով ավելի օրական հավաքագրում են ունեցել։ Նա խոստացել էր խնդիրը պարզել և մեղավորներին պատժել։