Այսօր՝ ժամը 20:00-ին, «Զվարթնոց» օդանավակայանից Հայաստանը երրորդ թռիչքով Բեյրութ կուղարկի ավելի քան 12 տոննա հումանիտար աջակցություն։ Armenia Today-ի ընթերցողները կարող են Facebook-ի մեր էջում՝ ուղիղ եթերում, դիտել, թե ինչպես են արկղերը տեղափոխում ինքնաթիռ։
Հիշեցնենք, որ առաջին և երկրորդ հատուկ չվերթները կազմակերպվել էին համապատասխանաբար օգոստոսի 8-ին և 9-ին։ Օգոստոսի 8-ի երեկոյան Հայաստանից առաջին հատուկ չվերթով Լիբանան են ուղարկվել 12 տոննա դեղորայք և բժշկական պարագաներ՝ օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստային գոտում տեղի ունեցած ավերիչ պայթյունից տուժածներին օգնելու համար։ Ինչպես լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՀ վարչապետի աշխատակազմի Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, որը նույն չվերթով մեկնել է Բեյրութ, օգնության առաջին խմբաքանակը նախատեսված է Լիբանանում պայթյունից բոլոր տուժածներին: Երկրորդ և երրորդ չվերթներով օգնություն կուղարկվի Լիբանանի հայ համայնքի համար։
Օգոստոսի 9-ի երեկոյան Երևանից Բեյրութ է մեկնել մարդասիրական օգնության երկրորդ հատուկ չվերթը: Ինչպես Armenia Today-ի թղթակցին հայտնել է Արցախի նախագահի գլխավոր խորհրդական Արթուր Աղաբեկյանը, Հայաստանի կառավարությունը առանձին ինքնաթիռ է տրամադրել, որպեսզի Արցախի ժողովուրդը կարողանա իր օգնությունն ուղարկել Լիբանանում բնակվող իր հայրենակիցներին: Լիբանանի հայ համայնքի համար նախատեսված մարդասիրական աջակցության շրջանակներում Բեյրութ են ուղարկվել սննդամթերք, մասնավորապես՝ բուսական յուղ, ջեմեր, որոնք արտադրվել են Արցախում: