ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն հայտարարել է Ռուսաստանի և Իրանի կողմից «Թալիբան» արմատական շարժմանը զենք մատակարարելու՝ Վաշինգտոնի ունեցած փաստերի մասին: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում Պոմպեոին հարցրել են՝ վերջերս ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկվե՞լ են արդյոք հրապարակումներ այն մասին, թե իբր Մոսկվայի կողմից թալիբներին դրդել են հարձակվել Աֆղանստանում ԱՄՆ-ի ուժերի վրա:
«Մենք ասել ենք հետևյալը. եթե Ռուսաստանը փող էր առաջարկում ամերիկացիներին կամ Արևմուտքի մյուս ներկայացուցիչներին սպանելու համար, ապա նա ստիպված կլինի հսկայական գին վճարել։ Դա այն է, ինչի մասին ես կիսվել եմ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Մեր զինվորականները զրուցել են նրանց (ռուս) ներկայացուցիչների հետ։ Մենք չենք հանդուրժի դա (հնարավոր հարձակում),- նշվում է հարցազրույցի տեքստում, որը չորեքշաբթի երեկոյան տարածել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը:
«Մենք պարզ հասկացրել ենք, որ գիտենք, որ ռուսներն անցյալում զինել են թալիբներին։ Իրանցիները շարունակում են զինել նրանց։ Մենք գիտենք այդ փաստերը։ Մենք ամեն ինչ անելու ենք յուրաքանչյուր ամերիկացի զինվորի պաշտպանության համար», – ասել է նա ։
The New York Times թերթը հունիսի 26-ին հանդես է եկել պնդմամբ, որ ռուսական ռազմական հետախուզության մի ստորաբաժանում «Թալիբան» արմատական շարժման գրոհայիններին դրդել է հարձակումներ գործել Աֆղանստանում միջազգային կոալիցիայի զինծառայողների վրա:
Իր հերթին Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշված պնդումները սուտ և կեղծիք է անվանել: ՌԴ ԱԳՆ-ն հունիսի 27-ին ամերիկյան մամուլում այդ թեմայով առաջին հրապարակումը որակել է որպես ակնհայտ կեղծ տեղեկատվություն: