Կորոնավիրուսով հիվանդ 861 քաղաքացի սպասում է հոսպիտալացման իր հերթին։ Իսկ ծայրահեղ ծանր և ծանր վիճակում է մոտ 1100 հիվանդ:
ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Առոջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
«Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 180 և ծանր վիճակում գտնվող 897 հիվանդ ունենք։ Մինչ օրս եղել է կրկնակի վարակման 343 դեպք։ Այս պահին 73 հիվանդի միացված է արհեստական շնչառության սարք։ Շնչառական սարքի պակաս չունենք, գնել ենք և դեռ շարունակում ենք գնումներ կատարել»,- նշեց նախարարը։
Բայց, Արսեն Թորոսյանի խոսքով, խնդիրը ոչ թե շնչառական սարքն է, այլ՝ թթվածնի դեֆիցիտը։
Նա հայտնեց, որ աշխարհում թթվածնի դեֆիցիտ կա։
Նախարարը նաև վստահեցրեց, որ այս ուղղությամբ տիտանական ջանքեր են գործադրում, որպեսզի որևէ խափանում չլինի։
«Մենք նախատեսում ենք նոր հզորություններ ներդնել՝ չնայած ամռան ընթացքում ձեռք ենք բերել որոշ բաներ։ Սակայն, դեպքերի թիվը անկանխատեսելի մեծ էր, մենք որոշակի աճ սպասում էինք, բայց ոչ քառապատիկ, հնգապատիկ։ Մենք թթվածնի ևս չորս մեծ կայան ենք գնել»,- մանրամասնեց Թորոսյանը։
Հիշեցնենք, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն այսօր ավելացել է 1042–ով և դարձել 107466։ Մեկ օրում գրանցվել է 21 մահվան դեպք: