ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության ստորաբաժանումներն Արցախից Հայաստան տանող ավտոճանապարհներին տեղակայված սահմանային հսկիչ կետերում իրականացնում են Արցախում նոր տիպի կորոնավիրուսային վարակի տարածման կանխարգելման ուղղությամբ միջոցառումներ: Այս մասին հայտնում է Արցախ տեղեկատվական շտաբը։
Կազմակերպված միջոցառումների շրջանակներում ԱԻՊԾ փրկարար ուժերի վարչության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման և Քաշաթաղի շրջանային արտակարգ իրավիճակների բաժնի հրշեջ-փրկարարական մասի հրշեջ-փրկարարները 4 սահմանային հսկիչ կետերում իրականացնում են շուրջօրյա հերթապահություն:
ԱԻՊԾ ստորաբաժանումներն իրականացնում են՝
– սահմանային հսկիչ կետերում կասկածելի դեպքերի արձանագրման դեպքում ավտոմեքենայի ախտահանում և կասկածելի վարակակրին տեղափոխում մեկուսարան:
– Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա քաղաքացիների մեկուսարան տեղափոխվելուց հրաժարվելու դեպքում՝ կազմակերպում են նրանց վերադարձը Հայաստանի Հանրապետություն (ավտոմեքենայի տրամադրում):
– սահմանային հսկիչ կետերում տեղակայված բժշկասանիտարական հսկիչ կետերում և հարակից շինություններում պարբերաբար իրականացնել ախտահանման աշխատանքներ: