ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն այսօր՝ սեպտեմբերի 16-ին, հանդես է եկել մամուլի ասուլիսով՝ կրթության ոլորտի բարեփոխումների ծրագրի շուրջ։
Ներկայացնելով ծրագրի ուղղությունները՝ Հարությունայանն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի դպրոցներում մասնագետների պակասը լրացնելու ծրագրին՝ նշելով, որ մշակվել է սահմանամերձ գյուղերի դպրոցներ ուսուցիչների գործուղման նոր նախագիծ, որով առաջարկվում է
աշխատավարձի 30 տոկոսի հավելում,
բնակարանի վարձակալության համար ամսական 30 000 ՀՀ դրամ՝ նախկին 10 000 ՀՀ դրամի փոխարեն,
կոմունալ ծախսերի գումար՝ ամսական 10 000 ՀՀ դրամ՝ նախկին 5 000 ՀՀ դրամի փոխարեն,
մինչև 50 000 ՀՀ դրամ գույքի տեղափոխման ծախս՝ նախկին 15 000 ՀՀ դրամի փախարեն,
տարեկան չորս անգամ մշտական բնակության վայր այցելելու գումար։
«Կարգն ուժի մեջ է մտնելու 2022 թվականի հունվարից»,- ասել է նախարարը։
Նշենք, որ Հայաստանի Հանրապետության սահմանամերձ բնակավայրերի դպրոցներն ունեն մասնագետների պակաս։ Դպրոցներից շատերում դասերն անցկացվում են կոլեկտիվ դասարաններում՝ մի քանի մասնագետի միջոցով։