Ս. թ օգոստոսի 23-ին Մոսկվայում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանդիպել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ։ Այս մասին հայտնում է ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։
Նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակին և երկկողմ ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր։ ՀՀ պաշտպանության նախարարն իր գործընկերոջը տեղեկացրել է հուլիսյան մարտական գործողություններից հետո տարածաշրջանում ստեղծված ռազմաքաղաքական իրադրության, ինչպես նաև հայ-ադրբեջանական պետական սահմանին և արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծում տիրող օպերատիվ իրավիճակի մասին։
Դավիթ Տոնոյանն ընդգծել է, որ որոշ պետությունների ագրեսիվ հռետորաբանությունը և իրականացվող ռազմական բնույթի քայլերը միտված են տարածաշրջանային իրավիճակի ապակայունացմանն ու ռազմականացմանը։ Իր հերթին ՌԴ պաշտպանության նախարարը կարևորել է կայունության ամրապնդմանն ուղղված քայլերի իրականացումը բոլոր պետությունների կողմից։
Տոնոյանը բարձր է գնահատել ռուս զինվորականների օգնությունը Սիրիայում Հայաստանի կողմից իրականացվող մարդասիրական առաքելությանը և տեղեկացրել, որ Հայաստանը շարունակելու է այդ ծրագիրը, մեկ այլ գրառմամբ տեղեկացնում է ՊՆ խոսնակը։
«Հանդիպման սկզբում ցանկանում եմ իմ երախտագիտությունը հայտնել Սիրիայում մեր մարդասիրական առաքելությանը ցուցաբերվող օգնության համար։ Շատ կարևոր է այդ ծրագիրը, և մենք մտադիր ենք այն շարունակել», – ասել է Տոնոյանը ՌԴ պաշտպանության նախարարը Շոյգուի հետ հանդիպման ժամանակ։
Նա նաև շնորհակալություն է հայտնել այն օգնության համար, որը ցուցաբերել են ռուսական ռազմական բժիշկները կորոնավիրուսի դեմ պայքարում: «Սա հիրավի հերոսական ծառայություն է, որը կատարում են ձեր ռազմական բժիշկները։ Մենք շատ շնորհակալ ենք», – ասել է ՀՀ պաշտպանության նախարարը։