ՀՀ ՊՆ-ում ծառայողական քննություն է տարվում՝ պարզելու Գուրգեն Ալավերդյանի գերեվարման հանգամանքները: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
Նա ընդգծել է, որ ներկայումս առավել կարևոր է հայ զինծառայողի առողջության և անվտանգության ապահովումը և նրա այցելության շուտափույթ կազմակերպումը Բաքվում ԿԽՄԿ գրասենյակի ներկայացուցիչների կողմից:
Նախարարն ընդգծել է, որ նման այց մինչ օրս չի իրականացվել։ «Արդեն 72 ժամից ավելի է անցել, և այդ այցելությունները չեն թույլատրվել, ինչը մեծ կասկածներ է առաջացնում», – ասել է Տոնոյանը:
Նա հավաստիացրել է հանրությանը, որ ՊՆ-ն, ԱԳՆ-ն և գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովը բոլոր ջանքերը գործադրում են սպայի անվտանգությունն ու առողջությունը ապահովելու, ինչպես նաև այն պայմանները պարզելու համար, որոնցով նրան հնարավոր կլինի վերադարձնել Հայաստան:
Հիշեցնենք, որ Գուրգեն Ալավերդյանը մոլորվել և ադրբեջանական կողմում էր հայտնվել օգոստոսի 22-ին, հայ-ադրբեջանական սահմանին, մարտական հենակետի ստուգումների ժամանակ` եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով: