Այս տարի Հայաստանում համավարակով պայմանավորված տնտեսական անկումը կկազմի 6․3 %, աղքատության մակարդակը կբարձրանա 4․8 %-ով: Կանխատեսվում է, որ 2021-ին տնտեսական աճը կվերականգնվի մինչև 4․6%։ Այս մասին ասված է Համաշխարհային բանկի՝ Եվրոպա և Կենտրոնական Ասիա տարածաշրջանի տնտեսական զարգացումների զեկույցում։
Նշվում է, որ համավարակի առաջացրած տնտեսական կրճատման հետևանքով տարածաշրջանի բոլոր երկրներում է սպասվում աղքատության ավելացում։
ՀԲ-ի վերլուծությունները ցույց են տալիս, որր համավարակը նաև բացասական է անդրադարձել տարածաշրջանի կրթության և առողջապահության վրա։ Վիրուսն արդեն իսկ հազարավոր մարդկանց է սպանել, իսկ վերապրածներից ոմանք դեռ երկար կզգան առողջությանը հասցված վնասների հետևանքները։ Դպրոցների փակումը հնարավոր է հանգեցնի մեկ լիարժեք ուսումնական տարվա մեկ երրորդի չափով ուսումնառության կորստի և, ըստ ամենայնի, դա էլ ավելի կխորացնի անհավասարությունները՝ անհամաչափորեն ազդելով անապահով ընտանիքների սովորողների վրա։