ԵՄ երեք երկրների ՝ Գերմանիայի, Ֆրանսիայի և Լեհաստանի արտաքին գործերի նախարարները համատեղ հայտարարությամբ են հանդես եկել, ըստ որի՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման կոնկրետ միջոցների շուրջ բանակցությունները պետք է շտապ անցկացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստան, ԱՄՆ և Ֆրանսիա) հովանու ներքո: Այս մասին Regnum-ը։
Նշվում է նաև, որ նախարարները Լեռնային Ղարաբաղում պատերազմի մասնակիցներին կոչ են արել պահպանել հումանիտար հրադադարը և դատապարտել են հակամարտության գոտում շարունակվող բռնությունը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 604 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները։
Հիշեցնենք նաև, որ Մոսկվայում հոկտեմբերի 9-ին սկսված և ավելի քան 10 ժամ տևած բանակցությունների արդյունքում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները հայտարարել են 2020 թվականի հոկտեմբերի 10-ին ժամը 12:00-ից հրադադարի հաստատման մասին: Ըստ նախնական համաձայնության՝ հրադադարը հաստատվում է հումանիտար նպատակներով՝ ռազմագերիների և այլ անձանց և զոհվածների մարմինների փոխանակման համար՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և չափանիշներին համապատասխան: