Armenia Today-ը Արցախյան պատերազմի թեմայով զրուցել է «Կովկասի» ինստիտուտի գիտաշխատող, քաղաքագետ, տնտեսագետ Հրանտ Միքայելյանի հետ, որը վերջերս վերլուծական հոդված է հրապարակել Ղարաբաղյան երկրորդ պատերազմի մասին՝ ուսումնասիրելով երկկողմ կորուստները, Արցախին հասցված հումանիտար վնասներն ու շատ այլ տվյալներ։ Մասնավորապես ուսումնասիրել է միջազգային ԶԼՄ-ների հրապարակումներ՝ Սիրիայից Ադրբեջան ուղարկված զինյալների ու ահաբեկիչների մասին։
Ըստ ներկայացված տվյալների՝ Սիրիայից բերված ահաբեկիչները բավական մեծ թիվ են կազմում․պատերազմի առաջին օրից մինչև հոկտեմբերի 20-ն ընկած ժամանակահատվածում նրանց թիվը կազմել է 2050, որոնցից 135-ի դիերը տեղափոխվել են Սիրիա։ Դրանք հայտնի «Սուլթան Մուրադ», «Ֆիրկաթ Համզա», «Սամարկադ» և այլ խմբավորումների զինյալներ են։ Ուշագրավ է, որ արտասահմանյան լրատվամիջոցների ( BBC, Reuters, Guardian, SOHR և այլն) համալիր տվյալների համաձայն, օրեցօր նրանց թիվն ավելացել է, ասել է, թե՝ պարբերաբար զինյալների նոր խմբեր են տարվել Ադրբեջան։ Ի դեպ` Միքայելյանի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ հակառակորդի զինվորական կորուստներն ըստ հայկական աղբյուրների՝ առ այս պահը 6000-ից ավելի է։
Armenia Today-ի հարցին, թե ահաբեկիչներն ինչ դեր են խաղացել ադրբեջանական ԶՈւ որոշակի առաջխաղացման հարցում, Միքայելյանը պատասխանեց, որ նրանց մասնակցությունն իր դերակատարությունն, անշուշտ, ունի։
«Ամեն ինչ պետք է դիտարկել լայն համատեքստում։ Նախ՝ մենք գործ ունենք Թուրքիայի հետ, որը որպես միջոց օգտագործում է ադրբեջանական բանակը։ Վերջինս ստեղծվել ու կայացել է Թուրքիայի ուղիղ ինստրուկտաժի տակ։ Թուրքիան տրամադրում է հետախուզական տվյալներ, մատակարարում է ահաբեկիչների, որոնց օգտագործում է Սիրիայում, Լիբիայում, այժմ՝ նաև Արցախում…
Թուրքիան ուղիղ և մեծ աջակցություն է ցուցաբերում Ադրբեջանին՝ քաղաքական ու դիվանագիտական ասպարեզներում։ Այսպիսով՝ Թուրքիայի աջակցությունն Ադրբեջանին ահռելի է»։
Քաղաքագետը ահաբեկիչների մասին ասաց, որ նրանց մասնակցությունը պատերազմին Ադրբեջանի համար մի քանի խնդիր է լուծում․
1․ Մեղմացնել Ադրբեջանի համար մարդկային կորուստները։
2․ Այն հատվածներում, որտեղ կարևոր է մարդու ներքին մոտիվացիան ու պատրաստակամությունը՝ պայքարելու, նաև զոհվելու համար, ապա այս հարցում ադրբեջանցիները շատ թույլ են։ Ուստի, ահաբեկիչները տեսականորեն կարող են այդ դերը կատարել։ Այն վայրերում, որտեղ անհրաժեշտ է առաջին պլանի պայքար մղել, հիմնականում քաղաքային պայքարներում, ադրբեջանցիներին օգնության են հասնում ահաբեկիչները։
Քաղաքագետը ասում է՝ չի կարելի ասել, թե սիրիացի ահաբեկիչներն այս պատերազմի հարցն են լուծում հակառակորդի համար, բայց իրենց մասնակցությամբ ցույց են տալիս անհրաժեշտ աջակցություն։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախի դեմ։
Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 874 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները։
Հիշեցնենք նաև, որ Մոսկվայում հոկտեմբերի 9-ին սկսված և ավելի քան 10 ժամ տևած բանակցությունների արդյունքում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները հայտարարել են 2020 թվականի հոկտեմբերի 10-ին, ժամը 12:00-ից հրադադարի հաստատման մասին: Ըստ նախնական համաձայնության՝ հրադադարը հաստատվում է հումանիտար նպատակներով՝ ռազմագերիների և այլ անձանց և զոհվածների մարմինների փոխանակման համար՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և չափանիշներին համապատասխան:
Առաջին հրադադարի հաստատման ձախողված փորձից հետո Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը որոշել են հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը՝ 00:00-ից կրկին նույն պայմաններով հաստատել մարդասիրական զինադադար, որը կրկին խախտվե է թշնամու կողմից:
Արաքսյա Սնխչյան