Մեկ օրվա ընթացքում ավելի քան 2,3 հազար փախստական Հայաստանից վերադարձել է Լեռնային Ղարաբաղ: Այս մասին երկուշաբթի ճեպազրույցում հայտարարեց ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:
«Օրվա ընթացքում Հայաստանի տարածքից Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 2,334 փախստական, որոնք նախկինում լքել են իրենց տները Լեռնային Ղարաբաղում՝ ռազմական գործողությունների պատճառով», – ասաց Կոնաշենկովը:
ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ նոյեմբերի 14-ից ի վեր Լեռնային Ղարաբաղի ավելի քան 11 հազար բնակիչներ ռուս խաղաղապահների աջակցությամբ վերադարձել են իրենց նախկին բնակավայրերը:
Ռուս խաղաղապահների և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի համաձայնեցմամբ շարունակվում է զոհվածների մարմինների փոխանակումը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն հաղորդել էր, որ հանգստյան օրերին ռուս խաղաղապահների ուղեկցությամբ ԼեռնայինՂարաբաղ է վերադարձել 2,5 հազար մարդ, շաբաթ օրը՝ 1,1 հազար մարդ, կիրակի՝ 1,4 հազար մարդ: