Անհրաժեշտ է գնահատել Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգություն-հուշարձանների ներկայիս վիճակը, այն կարող է իրականացվել Սիրիայում նմանատիպ փորձ ունեցող միջազգային փորձագետների, այդ թվում` ռուսական առաքելության կողմից: Այս մասին ասաց Ռուսաստանի մշակութային և բնական ժառանգության հետազոտական ինստիտուտի և միջազգային համագործակցության վարչության պետ Նադեժդա Ֆիլատովան:
Ավելի վաղ Ռուսաստանի մշակույթի գործիչները՝ ներառյալ դիրիժորներ Վլադիմիր Սպիվակովը և Թեոդոր Ակվենցիսը, երաժիշտ Բորիս Գրեբենշչիկովը և ռեժիսոր Ալեքսանդր Սոկուրովը, նամակ էին գրել ՅՈՒՆԵՍԿՕ-ին` ԼՂ-ի քրիստոնեական մշակութային, գեղարվեստական և ճարտարապետական ժառանգության հուշարձանները համաշխարհային ժառանգության ցուցակում ներառելու համար։
Ըստ նրա՝ սա արտակարգ միջոց է, երբ տեղական իշխանությունները չեն կարողանում ապահովել հուշարձանների պահպանումը, և անհրաժեշտ է միջազգային միջամտություն:
«Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի քրիստոնեական մշակութային, գեղարվեստական և ճարտարապետական ժառանգության հուշարձաններին, ապա առաջին հերթին անհրաժեշտ է արձանագրել, որ դրանք իրական վտանգի տակ են: Հիմա, երբ տարածաշրջանում զինված բախումները դադարել են, կարևոր է գնահատել օբյեկտների ներկայիս վիճակը` հետագա որոշումները կայացնելու համար»,- ասաց Ֆիլատովան։
Հիշեցնենք, որ ՀՀ, ՌԴ և ԱՀ ղեկավարները նոյեմբերի 9-ին ստորագրել են եռակողմ հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը՝ մշակութային ժառանգությամբ հանդերձ։