Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ծանոթացել է «Թափառող կենդանիների վնասազերծման» ՀՈԱԿ-ի նոր շենքի ու կլինիկայի պայմաններին։ Այս մասին
տեղեկանում ենք Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունից։
Նշվում է, որ 2018թ. դեկտեմբերին քաղաքային իշխանությունը պաշտոնապես հայտարարեց մայրաքաղաքում թափառող կենդանիների սպանդը դադարեցնելու որոշումը: Նոր՝ առաջադեմ գործընթացն իրականացնելու պատասխանատվությունն անմիջապես ստանձնեց Երևանի համայնքը՝ ստեղծելով կենդանիների վնասազերծման սեփական կենտրոնը: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն աշխատանքային այցի ժամանակ եղավ «Թափառող կենդանիների վնասազերծման» ՀՈԱԿ-ի նոր շենքում ու ծանոթացավ կլինիկայի պայմաններին:
Համայնքային կառույցի նոր կլինիկայի շենքն ունի վիրահատարաններ, նախավիրահատական խնամքի ու հետվիրահատական բուժմանն անհրաժեշտ վանդակներ: Շուտով այստեղ կլինի նաև ախտորոշիչ սարքավորումներով հագեցած լաբորատորիա: