Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում օգոստոսի 4-ին դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը։
Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանը միջնորդեց հետաձգել օգոստոսի 4-ի դատական նիստը՝ նշելով, որ խնդրում է նիստը հետաձգել դատարանի կողմից կալանադրված գույքը գնահատող ապրանքագետ ներգրավելու և գույքի գնահատումը կազմակերպելու համար։ Գնահատման արդյունքներով ստացված տեղեկատվությունը պետք է ներկայացվի հաջորդ դատական նիստին։
Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը միացավ նոր միջնորդությանը։ Մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը առարկեց՝ նշելով, որ միջնորդության պատճառաբանումն անհիմն է։
Պաշտպանն արձագանքեց, որ դատարանն այսօր կարող էր պարզապես վերացնել քննիչի ապօրինի որոշումը, բայց չի արել դա՝ հետաձգելով միջնորդության լուծումը մինչև դատավարության ընթացքում էական հանգամանքի ի հայտ գալը։ Իսկ էական հանգամանքը հենց գույքի գնահատումն է, ինչը կազմակերպելու համար ժամանակ է անհրաժեշտ։
Դատավորը չհամաձայնեց պաշտպանի հետ՝ ասելով, որ պաշտպանական կողմը ունեցել է գույքը գնահատելու հնարավորություն, սակայն այլ դիրքորոշում է հայտնել։ Միևնույն ժամանակ, դատավոր Դանիբեկյանը նշեց, որ պաշտպանները որևէ կերպ սահմանափակված չեն կազմակերպելու գույքը գնահատելու գործընթացը։
Աննա Դանիբեկյանն այսօր որոշում է կայացրել հետաձգել նաև Ռոբերտ Քոչարյանի և 2008-ին Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գևորգյանի պաշտպանների միջնորդության լուծումը՝ նրանց գույքի վրա դրված կալանքը վերացնելու վերաբերյալ։
Դատավոր Դանիբեկյանը արձանագրեց, որ դատարանը հնարավոր չի գտնում առանց համապատասխան գույքի արժեքը որոշելու լուծել ներկայացված միջնորդությունը, ուստի դատարանը այդ հարցին կանդրադառնա դատաքննության ընթացքում կալանադրված գույքի վերաբերյալ համապատասխան նյութերը հետազոտելուց հետո։
«Անհրաժեշտության դեպքում կարող է քննարկվել մասնագետի ընտրության հարցը, ինչպես նաև փորձաքննության նշանակման հարցը։ Հետևաբար, միջնորդության քննարկումը և լուծումը հետաձգվում են մինչև դատարանի կողմից կալանքի տակ դրված գույքի արժեքը որոշելը»,- ասաց Դանիբեկյանը։