Դատախազությունը, ստանալով քաղաքացի Արմեն Գրիգորյանի դիմումը, ուղարկել է այն ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչություն՝ ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանի վերաբերյալ նյութեր նախապատրաստելու։ Այս մասին Armenia Today-ի թղթակցին հայտնեց դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանն՝ ընդգծելով, որ մանրամասները հայտնի կդառնան ավելի ուշ։
Հիշեցնենք՝ «Ժողովուրդ» օրաթերթն այսօր գրել էր, որ Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանի մասով ՀՀ գլխավոր դատախազություն հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել, որն ավելի ուշ ուղարկվել է ոստիկանության Արաբկիրի բաժին հետաքննություն իրականացնելու համար: Մասնավորապես թերթին հայտնի է դարձել, որ Ռուսաստանում բնակվող հայ քաղաքացի Արմեն Գրիգորյանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազությանը և հայտնել, որ իր թոշակի և իր աշխատանքային ստաժի հարցով դիմել է Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանին, և վերջինս իրենից իր աշխատանքային գործունեության մասին տեղեկություններ տրամադրելու համար գումար է պահանջել: Եվ, ահա, գլխավոր դատախազությունը, ստանալով Արմեն Գրիգորյանի դիմումը, ուղարկել է այն ոստիկանություն` նյութեր նախապատրաստելու համար: