Միջազգային շուկայում շարունակվում է նավթի գների անկումը, որի ազդեցությունն արդեն իսկ զգացվում է համաշխարհային տնտեսության վրա։ Նյու Յորքի բորսայում Brent ապրանքանիշի նավթի մայիսյան ֆյուչերսների գինը նվազել է 13,4%-ով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 24,8 դոլարի։
Նավթի գների անկման պատճառների, համաշխարհային և առանձին երկրների տնտեսությանների վրա դրա ազդեցության և աշխարհաքաղաքական նոր վերադասավորումների մասին Armenia Today-ը զրուցել է ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի միջազգային հարաբերությունների բաժնի ավագ գիտաշխատող, էներգետիկ աշխարհաքաղաքականության և միջազգային անվտանգության հարցերով մասնագետ Արմեն Մանվելյանի հետ։
-Պարոն Մանվելյան, որո՞նք են համաշխարհային շուկայում նավթի գների շարունակվող անկման հիմնական պատճառները, և ի՞նչ իրավիճակ է այժմ նավթի շուկայում։
Համաշխարհային շուկայում նավթի գների անկման վրա ազդող հիմնական պատճառը Չինաստանի տնտեսության կանգն է, որն աշխարհի ամենախոշոր նավթ սպառող պետությունն է։ Չինաստանի տնտեսության վրա կորոնավիրուսի ազդեցությունը հանգեցրեց նրան, որ այդ երկիրն այլևս այնքան նավթ չի գնում, ինչքան նախկինում՝ նախքան վիրուսի բռնկումը։ Տարբեր հաշվարկներով՝ Չինաստանի պահանջարկը նվազել է 1-2 մլն բարելով։ Այս անկումն, իհարկե, նոր չի, այն սկսվել է դեռևս նախորդ տարվա դեկտեմբերին։ Իսկ վերջին զարգացումները՝ Չինաստանում կորոնավիրուսի լայն ծավալով բռնկումը, Ռուսաստանի և Սաուդյան Արաբիայի նավթի արդյունահանման շուրջ համաձայնության չգալը հանգեցրին ավելի արագ տեմպերով նավթի գների անկման։
Վերջին շրջանում նաև բազմաթիվ ավիափոխադրողներ են դադարեցրել չվերթները տարբեր ուղղություններով։ Այս պահին մոտավորապես 70%-ով ավիափոխադրումների անկում կա, և սա ևս նպաստում է նավթի գների անկմանը։
Ընդհանուր առմամբ՝ նավթի գինը բավականին ցածր է. նավթի խոշոր արտադրողները կկարողանան դիմակայել, բայց «մանրերի» համար սա լուրջ հարված է, հատկապես, եթե այս իրավիճակը երկար շարունակվի։
-Նավթի գների անկումն արդյո՞ք կհանգեցնի համաշխարհային ճգնաժամի, եթե մինչև ապրիլի 1-ը համաձայնություն չլինի արդյունահանման ծավալների կրճատման վերաբերյալ։
Համաշխարհային տնտեսության մեջ արդեն կան ճգնաժամի բոլոր նշանները։ Նավթի գնի անկումը հանգեցրել է նաև պղնձի և մյուս մետաղների գների նվազմանը, նույնիսկ մի պահ ոսկու գինն ընկավ, ինչը շատ զարմանալի էր, բայց այժմ ոսկու գնի կայունացում է նկատվում։ Այնուհանդերձ, այժմ ֆինանսական լուրջ ճգնաժամի նախաշեմին ենք գտնվում, եթե կողմերը (Ռուսաստան և Սաուդյան Արաբիա) չկարողանան գալ ինչ-որ համաձայնության, համաշխարհային շուկայում նավթի գնի անկումը 20 դոլարից ներքև կհանգեցնի աղետի։
-Նավթի գների կայունացման ի՞նչ հիմնական գործոններ կան։
Համաշխարհային շուկայում նավթի գների որոշ չափով կայունացման երկու հիմնական գործոն կա։ Առաջին գործոնն այն է, որ Թրամփը հայտարարել է, որ պատրաստվում է բավականին մեծ ծավալով նավթ գնել՝ այսկերպ իր պահուստները էժան նավթով լցնելով։
Երկրորդ գործոնը սաուդների ու ռուսների համաձայնության գալն է։ Այս երկու գործոնները որոշակի կայունություն կապահովեն նավթի շուկայում, բայց ամբողջապես իրավիճակը չի կարգավորվի։
-Այս իրավիճակն ի՞նչպիսի աշխարհաքաղաքական վերադասավորումների կհանգեցնի։
Ընդհանուր առմամբ, վերադասավորումներ սկսվել են վերջին 5-6 տարիների ընթացքում, իսկ այս իրավիճակն այդ վերադասավորումների արդյունքն է։ Եթե նախկինում էներգետիկ աշխարհաքաղաքականության մեջ կային երկու կենտրոններ՝ Պարսից ծոցը՝ որպես արտադրող և Միացյալ Նահանգները՝ որպես սպառող, ապա այժմ Պարսից ծոցն այլևս չի գերիշխում նավթի շուկայում։ Այժմ մեծ դերակատարություն ունի Ռուսաստանը, ինսկ ամենամեծ սպառողը ոչ թե Միացյալ Նահանգներն են, այլ՝ Չինաստանը։ Ըստ էության, այժմ կա 4 գլոբալ խաղացող՝ Սաուդյան Արաբիա և Ռուսաստան՝ որպես հիմնական արտադրողներ, և ԱՄՆ ու Չինաստան՝ որպես սպառողներ։
-Նավթի գների անկումն ինչպիսի՞ ազդեցություն կունենա հարևան Ադրբեջանի վրա՝ հաշվի առնելով, որ այդ երկրի տնտեսությունը մեծապես կախված է էներգետիկ ռեսուրսներից։
Ադրբեջանը միատնտես պետություն է և այժմ խորը ճգնաժամի մեջ է գտնվում։ Նավթի գների 20, 22 նույնիսկ 30 դոլարը այդ երկրի տնտեսությունը գցում է խորքային ճգնաժամի մեջ։ Այս իրավիճակի երկարաձգվելու դեպքում, չունենալով այլ ռեսուրսներ, Ադրբեջանը չի կարող իրավիճակը բարելավել և դիմանալ։ Այս ամենը կհանգեցնի նաև մանաթի անկման, որն արդեն իսկ սկսվել է, ինչպես նաև ֆինանսատնտեսական համակարգի ոչնչացման, ինչպես եղավ 2016 թվականին․ բազմաթիվ բանկեր կհայտարարեն սնանկացման մասին, բնակչությունը կաղքատանա։ Այս ամենն էլ իր հերթին կարող է անդրադառնալ տարածաշրջանի անվտանգային իրավիճակի վրա, Ադրբեջանը կդառնա ավելի ագրեսիվ, ինչի արդյունքը տեսել ենք 2016 թվականի ապրիլին։
Վարդուհի Մկրտչյան