ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Արագածոտնի տարածքային բաժնի աշխատակիցները ոստիկանների հետ փորձում են պարզել գորշ արջի անկման հանգամանքները։ Այդ մասին տեղեկացնում են ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից:
Ավելի վաղ ՇՄ նախարարի մամուլի խոսնակ Դավիթ Գրիգորյանը տեղեկացրել էր, որ ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի հրատապ հանձնարարականով Հայաստանի «Կարմիր գրքում» գրանցված գորշ արջի ձագի սպանության վերաբերյալ համապատասխան գրություններ կուղարկվեն ՀՀ ոստիկանություն և Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին:
«ԱԺ նախկին պատգամավոր Լյովա Խաչատրյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել էր Հայաստանի «Կարմիր գրքում» գրանցված գորշ արջի ձագի սպանության վերաբերյալ տեսանյութ։ Համապատասխան գրություններ կուղարկվեն ՀՀ ոստիկանություն և Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին` դեպքը մանրամասն ուսումնասիրելու և հանգամանքները պարզելու համար։ Անընդունելի է Հայաստանի «Կարմիր գրքում» գրանցված որևէ կենդանատեսակի հանդեպ ոտնձգությունը, քանի որ Հայաստանի բնաշխարհը բնակեցնող յուրաքանչյուր կենդանի մեր երկրի էկոհամակարգի անքակտելի մասն է, կենսաբազմազանության պահպանության կարևորագույն օղակը։ Առավել քան առաջնային է կարմիրգրքյան տեսակների պահպանությունն ու պաշտպանությունը, քանի որ դա բխում է ՀՀ բոլոր քաղաքացիների շահերից»,- նշել է Գրիգորյանը:
Շրջակա միջավայրի նախարարությունը դատապարտում է նման վերաբերմունքը կենդանիների նկատմամբ։ Հայաստանի Հանրապետության կենդանիների «Կարմիր գրքում» գրանցված գորշ արջ սպանելու համար նախատեսված է պատասխանատվություն ՀՀ քրեական օրենսգրքով` տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 400-600-պատիկի չափով կամ կալանք՝ 2-3 ամիս ժամկետով՝ 1-ից 5 միլիոն դրամ վնասի վերականգնմամբ։
Գրիգորյանը գրել է, որ շնորհակալություն են հայտնում պարոն Խաչատրյանին ահազանգելու համար և ՀՀ բոլոր քաղաքացիներին հորդորում են նման դեպքերում անհապաղ ահազանգել ՀՀ ոստիկանություն, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին կամ դիմել Շրջակա միջավայրի նախարարություն։