Քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթի ժամանակ «լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունն առերևույթ խոչընդոտելու հանցավոր արարքի» առթիվ, հայտնում է ՔԿ մամուլի ծառայությունը։
Գերատեսչության տվյալներով՝ «Խոսնակ․ամ» լրատվական կայքի լրագրող Նանե Իսրայելյանի և օպերատորի կողմից ճեպազրույց անցկացնելու ընթացքում ներկաներն օպերատորի ձեռքից վերցրել են տեսախցիկը և ջարդել։
«Հաշվի առնելով, որ ստացված հաղորդման մեջ առկա են լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունն առերևույթ խոչընդոտելու հանցավոր արարքի հատկանիշներ՝ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 237-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելը, պատժվում է առավելագույնը երկու տարի ժամկետով ազատազրկմամբ)։
Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ՝ դեպքի հանգամանքները պարզելու, առերևույթ հանցավոր արարքները կատարած անձանց հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու նպատակով։
ՔԿ-ն քրեական վարույթ էր նախաձեռնել նաև Հանրապետության հրապարակում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հրավիրած հանրահավաքի ընթացքում «Կամազ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան դեպի հանրահավաքի մասնակիցները վարելու դեպքի առթիվ։
ՀՀ ԱԳՆ-ն ապրիլի 19-ին հայտարարել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշի մարզից, ինչից հետո Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել։
Ակցիաների պատճառ էր դարձել նաև վարչապետի աշխատակազմի՝ ավելի ուշ արված հայտարարությունը, ըստ որի սահմանազատումից հետո Զինված ուժերը նշված հատվածների շրջանում իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին։ Ապրիլի 19-ից մեկնարկած ակցիաները հաջորդող օրերին սկսվել էին նաև ՀՀ այլ մարզերում։ Մայիսի 4-ից «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը երթ էր սկսել դեպի Երևան: Բողոքի ակցիայի մասնակիցները երթով Երևան են հասել մայիսի 9-ին:
Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հայտարարել էր շարժման հետագա քայլերի մասին, որոնք պետք է հանգեցնեն վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականին։ Նա նշել է, որ Փաշինյանի իմպիչմենտի համար ԱԺ-ում գործընթաց են սկսելու, նաև կոչ է արել անհնազանդության ակցիաներ իրականացնել։