Սիրելի ընթերցողներ,
Պատմության գիրկն է անցնում ևս մեկ տարի՝ 2020-ը։ Հայաստանի և, մեծ հաշվով, ողջ աշխարհի համար այն, ցավոք, չափազանց խնդրահարույց էր։ Փորձություններն ու մարտահրավերները ներխուժեցին մեր առօրյա, և մեր կենսագործունեությունը դուրս մնաց բնականոն ռիթմից՝ համաճարակ, ներքաղաքական վեճեր, արտաքին անկայունություն, Արցախյան պատերազմ և դրա հետևանքներ …
Իհարկե, միամտություն կլիներ կարծել, որ այդ բոլոր խնդիրները միանգամից կլուծվեն հաջորդ՝ 2021 թվականին։ Բայց, այնուամենայնիվ, այդպիսին է մարդ արարածը, անկախ ամեն ինչից, չի կորցնում վաղվա օրվա հանդեպ հավատը: Այնպես որ, եկեք չընկնենք հուսահատության մեջ, քանի որ «գիշերվա ամենամութ ժամը լուսաբացից առաջ է»: Հուսանք, որ գալիք տարում կբացվի այդ լույսը։ Եվ ոչ միայն հուսանք, այլեւ ջանքեր գործադրենք դրա համար։
Սիրելի՛ հայրենակիցներ, անկեղծորեն մաղթում ենք ձեզ, որ այս խնդիրներն ու փորձությունները հնարավորինս մնան անցնող տարում։ Մեզ նման «ժառանգություն» պետք չէ։ Իսկ գալիք 2021 թվականը թող լինի առատաձեռն՝ լավ իրադարձությունների և բարի գործերի համար։ Թող հաղթանակի սիրո իշխանությունը, այլ ոչ թե սերն իշխանության հանդեպ։ Թող երկրի բնակիչների կյանքի գրքի նոր էջը, որի հետ հանդիպումից հաշված ժամեր են մնացել, լինի լուսավոր, այլ ոչ թե մռայլ ու ամպամած։
Շնորհավոր Նոր Տարի․ Բարություն ու խաղաղություն, առողջություն ու բարեկեցություն Ձեզ, Ձեր հարազատներին ու մերձավորներին: