Հայ ծանրորդները ոսկե և բրոնզե մեդալներ են նվաճել ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի կողմից կազմակերպված առաջին առցանց մրցաշարում: Այս մասին հայտնում են ՀԱՕԿ մամուլի ծառայությունից։
Ուզբեկստանի անկախության օրվան նվիրված ծանրամարտի հեռավար միջազգային գավաթի խաղարկությանը հայտավորված էին Հայաստանի երեք մարզիկներ։
Անդրանիկ Կարապետյանը / 89 կգ / երկամարտի 355 կգ-ով (165կգ + 190կգ) գրավեց չորրորդ տեղը։ Նրա թիմակից Սամվել Գասպարյանը /102 կգ/ երկամարտի 381 կգ ով (170կգ +211կգ) զբաղեցրեց երրորդ տեղը և արժանացավ բրոնզե մեդալի:
Առավել վստահ հանդես եկավ մեր երկրի երրորդ պատվիրակ, աշխարհի մինչև 20 տարեկանների գործող չեմպիոն, գերծանրքաշային Վարազդատ Լալայանը։ Այս անգամ նա նորից հաղթող ճանաչվեց՝ երկամարտում ցույց տալով 425 կգ արդյունք (195կգ + 230կգ):