Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը շարունակում է ելույթները 2020 Saint Louis Rapid & Blitz առցանց մրցաշարում: Օնլայն մրցաշարի արագ խաղի 9-րդ տուրում նա հաղթանակ է տարել ամերիկացի Լենիեր Դոմինգեսի նկատմամբ:
Սպիտակներով Լևոն Արոնյանն առավելության է հասել Դոմինգեսի նկատմամբ 38-րդ քայլում:
Սեպտեմբերի 17-ին տեղի ունեցած մյուս 2 պարտիաներում Լևոն Արոնյանը 7-րդ տուրում պարտվել էր ամերիկացի Հիկարու Նակամուրային, իսկ 8-րդ տուրում՝ ամերիկացի Ուեսլի Սոյին:
2020 Saint Louis Rapid & Blitz առաջնության մրցաշարային աղյուսակում Լևոն Արոնյանն արագ խաղի 9 տուրերից հետո 18 հնարավորից ունի 9 միավոր և 6-րդ տեղում է: Առաջատարը ամերիկացի Ուեսլի Սոն է՝ 13 միավորով, այնուհետ նորվեգացի Մագնուս Կարլսենն է՝ 12 միավորով: Երրորդ տեղում ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչին է՝ 10 միավորով: Հաջորդիվ շախմատիստները կմրցեն կայծակնային շախմատում:
Հիշեցնենք, որ նախորդ տուրերում Արոնյանը հաղթել էր իրանցի Ալիռեզա Ֆիրուջային, ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկին, ոչ ոքի խաղացել ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչու հետ, պարտվել Մագնուս Կարլսենին, ոչ ոքի խաղացել հնդիկ Պենտալա Հարիկրիշնայի և ամերիկացի Ջեֆրի Սյոնի հետ։
Մրցանակային ֆոնդը 250 հազար դոլար է, հաղթողը կստանա 50 հազար դոլար։ 10 մասնակիցները կանցկացնեն արագ խաղի (25+5) 9 տուր և կայծակնային խաղի (5+3) 18 տուր։ Մրցաշարը կավարտվի սեպտեմբերի 19-ին։