Հերթական անգամ կանգնում ենք գազի սակագնի փոփոխության խնդրի առաջ, ընդ որում՝ խիստ երկրորդական է, թե քանի տոկոսով է բարձրանալու գազի սակագինը: Այս մասին ԱԺ նիստի ժամանակ հայտարարեց պատգամավոր Արման Բաբաջանյանը՝ անդրադառնալով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի երեկ հրապարակած ուսումնասիրություններին։
«Երեկ հայտնի դարձավ, որ ՀԾԿՀ-ն ուսումնասիրել է «Գազպրոմ Արմենիա» ընկերության բաժանորդներին հասնող գազի գինը բարձրացնելու հայտը և սեփական առաջարկություններն է ներկայացրել: Դրանց համաձայն՝ Հայաստանում գազի գնաճը կհասնի 4.5 տոկոս:
«Գազպրոմ Արմենիան» իր ներկայացրած հայտում առաջարկել է նույնական գազի գին սահմանել բոլոր բաժանորդների համար՝ չեղարկելով սոցիալապես անապահովներին մատչելի գնով գազի տրամադրումը, ինչի արդյունքում գազի գինը նրանց համար կտրուկ՝ շուրջ 36 տոկոսով կթանկանա:
ՀԾԿՀ-ն, սակայն, առաջարկում է անփոփոխ թողնել անապահով խավին տրվող արտոնությունները: Իր հայտում «Գազպրոմ Արմենիան» ներկայացրել է մի քանի այլ փոփոխություն ևս, որոնց ընդունման դեպքում սպառողների համար գազը միջինում կթանկանա 11 տոկոսով», – ասաց պատգամավորը:
Պատգամավորի խոսքով՝ խնդիրը թանկացման փաստն է՝ ինքնին, որովհետև թանկացումը տեղի է ունենում միջազգային շուկաներում էներգակիրների էժանացման ֆոնին, այն պայմաններում, երբ ՌԴ նվազեցնում է եվրոպական երկրներ մատակարարվող գազի գինը։ Ըստ Բաբաջանյանի՝ սա ռազմավարական գործընկեր ՌԴ-ի կողմից ոչ բարեկամական քայլ է, որն ունի բացառապես քաղաքական բաղադրիչ:
«Ռուսաստանի համար գազի գինը քաղաքական լծակ է եղել միշտ, այդպիսին է նաև այսօր:
Ամեն անգամ գազի սակագնի քննարկման ժամանակ մեզ ուրվականի պես այցի է գալիս Հայաստանի հանցավոր անցյալը, քանի որ այդ անցյալում 2013-ին կնքված գազային խայտառակ համաձայնագրի արդյունքում է Ռուսաստանը գազային տոտալ մենաշնորհ հաստատել Հայաստանում: Այսօր գազի գնի յուրաքանչյուր թանկացման ժամանակ վճարում ենք այդ հանցավոր անցյալի, նախկին իշխանությունների կնքած հակապետական գործարքների համար»,- նշեց պատգամավորը:
Ըստ Արման Բաբաջանյանի ՝ այս իրավիճակից միակ ելքը այդ համաձայնագրերի վերանայումն է:
«Ակնհայտ է սակայն, որ մինչև այդ համաձայնագիրը չվերանայվի, մենք շարունակելու ենք ապրել գազային ստրկության պայմաններում՝ ամեն անգամ գազի թանկացման տեսքով ապտակ ստանալով մեր ինքնիշխանությանը»,- նշեց Բաբաջանյանը: