Covid-ով պայմանավորված տնտեսական ճգնաժամի ֆոնին կան նաև լավ լուրեր: Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ օրինակ բերելով 2020թ. հունվար-հուլիսին Հայաստանից ելակ-մոշ-հաղարջ ապրանքախմբի արտահանման ոլորտում 166 տոկոս աճը՝ 5.5 միլիոն դոլարի արժեքով:
«Կարևոր նրբությունն այստեղ այն է, որ արտահանվող արտադրանքը հիմնականում արտադրվում է ջերմոցային տնտեսություններում:
Այսինքն՝ մի կողմից գործ ունենք ջերմոցային տնտեսությունների զարգացման հետ, մյուս կողմից էլ այստեղ արտադրվող բերքը կախվածության մեջ չէ եղանակային պայմաններից և, ինչպես առիթ եմ ունեցել նշելու, այստեղ տնտեսվարողը ոչ թե սպասում է, թե ինչքան բերք կլինի այս տարի, այլ պլանավորում է, թե ինչքան է իրեն անհրաժեշտ և արտադրում է ուղիղ այդքան»,- գրել է Փաշինյանը:
Նույն տրամաբանությամբ՝ սունկ-դդմիկ-սպանախ ապրանքախմբի արտահանումը աճել է 62 տոկոսով. արտահանվել է 3.2 միլիոն դոլարի արտադրանք: Աճել է նաև ծաղիկների արտահանումը՝ 16.9 տոկոսով: Արտահանվել է 3.9 միլիոն դոլարի արտադրանք:
Վարչապետը նշում է նաև, որ ջերմոցային ամենաարտահանելի արտադրանքը շարունակում է մնալ լոլիկը. հունվար-հուլիսին արտահանման ծավալն աճել է 18.5 տոկոսով. արտահանվել է 23.5 միլիոն դոլարի արտադրանք: