1․ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի գլխին սև ամպեր են կուտակվել: Բանն այն է, որ Վարդանյանի և սեփական թիմի միջև աշխատանքներն այդքան էլ հարթ չեն ընթանում, ու կարելի է ասել, որ Վարդանյանին դուրս են թողել գրեթե բոլոր իրավական հարցերին առնչվող գործընթացներից: Տեղեկությունների համաձայն՝ իշխանության ներսում իրավական հատվածը ղեկավարում է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, որի նշանակումը, կարծես թե, հենց այդ նպատակն էլ ուներ:
Նկատենք, որ ՀՀ Սահմանադրական դատարանի շուրջ տեղի ունեցող գործընթացներին ևս Վարդանյանը առաջվա նման ակտիվ մասնակից չի եղել: Լուրեր են պտտվում, որ իշխանության ներսում Վարդանյանից հիասթափվել են, քանի որ սկզբում կարծել են, որ Վարդանյանը, լինելով նախկինում ՀՀ ՍԴ խորհրդական, կկարողանար լուծել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հարցը, սակայն ցանկալի արդյունքը արձանագրվեց միայն վերջին սահմանադրական փոփոխությամբ: Վլադիմիր Վարդանյանն այս առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշել է, որ բացարձակապես որևէ նման խնդիր չի տեսնում, նույնիսկ արձակուրդի ժամանակ ամենօրյա ռեժիմով հանդիպում են արդարադատության նախարարի,փոխնախարարների հետ, քննարկում են բոլոր այն հարցերը, որոնք դրված են օրակարգում:
2․ «Հրապարակ»-ը գրում է, որ թեպետ սկանդալային պատգամավոր Հայկ Սարգսյանը լողափի հայտնի փարթիից հետո հերքում է իր կապը «White Shorja»-ի հետ և վստահեցնում, որ ոչ մի կապ չունի լողափի հետ, սակայն Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած իր հայտարարագրում Հայկ Սարգսյանի ներկայացրած տվյալները կասկած են հարուցում, որ պատգամավոր դառնալուց հետո նրա բիզնես եկամուտները շեշտակի աճ են արձանագրել։ Ինչը խոսում է այն մասին, որ պատգամավորն ընդլայնել է իր բիզնեսը։ Իսկ հայտարարագրային տվյալներով նրա ընտանիքին է պատկանում 2014 թվականին հիմնած ավտոպահեստամասերի վաճառքի մի կետ։
Հայկ Սարգսյանը էթիկայի հանձնաժողով երկու հայտարարգիր է ներկայացրել։ Պաշտոնատար անձի պաշտոնը ստանձնելու հայտարարագրում նա նշել է, որ պաշտոնական պարտականություններն ստանձնելու տարվա՝ 2018-ի հունվարի 1-ից մինչև պաշտոնական պարտականություններն ստանձնելու օրն ստացված եկամուտները կազմում են 3,723,340 ՀՀ դրամ: Իսկ պաշտոնատար անձի 2019-ի տարեկան հայտարարագրում Սարգսյանի եկամուտը հարկային տարում կազմել է 20,908,000 ՀՀ դրամ, ընդ որում որից ընդամենը 3 միլիոն 600 հազարն է աշխատավարձ, մոտ 17 միլիոնը, ինչպես հայտարարագրում է նշված, «ձեռնարկատիրական գործունեության արդյունքում» ստացված եկամուտն է։
Հայտարարագրում ներկայացված է Սարգսյաններին պատկանող 2014 թվականին հիմնած ավտոպահեստամասերի վաճառքի կետի մասին տվյալները։ Բացի այդ հարկային տարվա սկզբում Հայկ Սարգսյանը նաև հայտարարագրել է 50,000 ԱՄՆ դոլար, որը հարկային տարվա վերջում դարձել է 60,000 ԱՄՆ դոլար, սա էլ է հարցեր առաջացնում։
Ինչպես հայտնի է՝ ուրբաթ օրը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում քննվել է «Իմ քայլի» պատգամավոր Հայկ Սարգսյանի հետ կապված վերջին միջադեպը, մասնավորապես, պատգամավորի կողմից ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու հարցը։ Հանձնաժողովը Հայկ Սարգսյանի գործը դեռևս վարույթ չի ընդունել, օրենքով նախատեսված հնգօրյա ժամկետն ավարտվում է այսօր։ Հանձնաժողովը նյութեր է հավաքագրել, ըստ տեղեկությունների՝ հենց եկամուտների կասկածելի աճի դրվագով, դիմել են նաև ՊԵԿ-ին՝ խնդրելով տվյալներ, որոնք հասանելի չեն հանրային հարթակներում։ «Խոսքը վերաբերում է ոչ միայն Սևանի կազմակերպությանը, այլև այն կազմակերպությանը, որը պատգամավորը նշել է հայտարարագրում։ Ընդհանրապես հայտարարագիրն է ստուգման ենթարկվել և մի քանի տարբեր դրվագների վերաբերյալ է լրացուցիչ փաստերի ձեռքբերման անհրաժեշտություն առաջացել», թերթին տեղեկացրել է հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը ՝ չցանկանալով փակագծերն ավելին բացել։
3․ «Հրապրակը» գրում է, որ ԱԱԾ-ն չի բավարարվել մի քրեական գործով, երկրորդն է սկսել Արթուր Վանեցյանի նկատմամբ։ Առաջինը վերաբերում էր 51-ամյա ԱԱԾ նախկին ծառայողին պաշտոնի նշանակելու փաստին, որով, ըստ ԱԱԾ հաղորդագրության, Վանեցյանը «պաշտոնական լիազորություններն է չարաշահել» և որի հետ կապված իրենք ծառայողական քննություն են սկսել։ Սակայն ընթացքում հավանաբար հասկացել էին, որ այս մեղադրանքը հեռանկար չունի, երկրորդին էին ձեռնամուխ եղել՝ իբրև թե ԱԱԾ զինանոցում «ապօրինի» զենքեր են հայտնաբերվել, որոնք պատկանում են Վանեցյանին։
Այդ գործով ձերբակալվել էր ԱԱԾ Սպառազինությունների բաժնի պետ Արտակ Թորոսյանը։
Թերթի հետ կապվել է Արտակ Թորոսյանի հարեւաններից մեկը և մանրամասներ ներկայացրեց այս գործից։ Նշվում է, որ թերթի հրապարակումներն իրենց դերը խաղացել են և Թորոսյանին ազատ են արձակել։ Պարզվում է՝ ձերբակալությունից առաջ ԱԱԾ-ն խուզարկության է գնացել իր երկարամյա աշխատակցի՝ Արտակ Թորոսյանի բնակարան։ Հավանաբար, որպեսզի վախի մթնոլորտ ստեղծի և նրան հարկադրի ցուցմունք տալ ԱԱԾ նախկին պետի դեմ։ Մի ամբողջ գիշեր ԱԱԾ-ականներն իրենց գործընկերոջ բնակարանում խուզարկություն են իրականացրել։ Իսկ նա երեք անչափահաս երեխաների հայր է, որոնցից երկուսը տասը տարեկան էլ չկան։
ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանը որոշել է ամեն գնով իրականացնել վարչապետի հանձնարարականը, նյութեր գտնել Արթուր Վանեցյանին մեղադրանք առաջադրելու համար։
Ի դեպ, ԱԱԾ-ում երբ հասկացել են, որ Արտակ Թորոսյանը պահանջված ցուցմունքները չի տալիս, սլաքներն ուղղել են ԱԱԾ տնօրենի տնտեսական գծով տեղակալ Արամ Հակոբյանի ուղղությամբ։ Վերջինս ԱԺ նախկին պատգամավոր, «Դիլիջան» գարեջրի գործարանի տնօրեն Հակոբ Հակոբյանի եղբայրն է։
4․ «Ժողովուրդը» գրում է, որ Հայաստանում այս տարվա վեց ամիսներին ծնվածների թիվը պակասել է: Ըստ այդմ` անցած տարվա հունվար-հունիսին արձանագրվել է 15 հազար 893 ծնված:
Նշենք, որ 2018 թվականից սկսած` ՀՀ-ում ծնվածների թվի նվազման միտումը շարունակվել է. 2018 թվականի հունվար-հունիսին ծնվածների թիվը կազմել է 16 հազար 261, 2019-ի հունվար-հունիսին` 16 հազար 21, իսկ, ահա, այս տարվա վեց ամիսներին` 15 հազար 893:
Ըստ Վիճակագրական կոմիտեի` այս տարվա հունվար-հունիսին հղիության հետ կապված բարդություններից, ծննդյան և հետծննդյան ժամանակահատվածում գրանցվել է մայրական մահացության 1 դեպք: Սրան զուգահեռ նկատենք, որ մահացածների թիվն է ավելացել: Պաշտոնապես նույն ժամանակաշրջանում արձանագրվել է մահացության 14 հազար 417 դեպք:
Նկատենք, որ նախորդ տարվա հունվար-հունիսին մահացածների թիվը կազմել է 13 հազար 724, իսկ 2018-ին արձանագրվել է մահվան 13 հազար 218 դեպք: Մյուս կողմից` հանրապետությունում 2020 թ. հունվար-հունիսին գրանցված 1000 ամուսնություններից արձանագրվել է ամուսնալուծության 284 դեպք նախորդ տարվա նույն ժամանակահատվածի արձանագրված 242 դեպքի համեմատ»,-գրում է թերթը։
5․ «Ժողովուրդը» գրում է, որ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Եղիշե Սողոմոնյանը, Արտակ Մանուկյանը, Տիգրան Ուլիխանյանը, Վարդան Աթաբեկյանը, Համազասպ Դանիելյանը և Երջանիկ Հակոբյանը համատեղ հանդես են եկել օրենսդրական նախաձեռնությամբ և ցանկանում են փոփոխություն կատարել «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքում:
Նախ նրանք փոփոխություն են կատարում Հաշվեքննիչ պալատի անդամին և նախագահին ներկայացվող պահանջներում և ամրագրում են, որ այս կառույցի անդամ՝ ներառյալ նախագահ, կարող է ընտրվել Ազգային ժողովի պատգամավորին ներկայացվող պահանջներին համապատասխանող, օրենսդրությամբ սահմանված կարգով աուդիտորի որակավորում ունեցող այն անձը, ով ունի աուդիտորի նվազագույնը հինգ տարվա աշխատանքային ստաժ կամ Հաշվեքննիչ պալատում ղեկավար պաշտոններում նվազագույնը հինգ տարվա աշխատանքային ստաժ կամ ֆինանսական ոլորտում նվազագույնը տասը տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն հինգ տարին` ղեկավարի պաշտոնում:
Որպես հիմնավորում՝ նախագծի հեղինակները ընդգծում են, թե օրենքում Պալատի անդամի թեկնածության համար ներկայացվող պահանջները հստակ ձևակերպված չեն, որոնք առաջացնում են տարընթերցումներ, հետևաբար առաջացել է անհրաժեշտություն պահանջներին տալ հստակ ձևակերպումներ»»,-գրում է թերթը։