Երբեմն տպավորություն է, որ համաճարակը միայն Հայաստանում է, սակայն իրականում ԱՊՀ երկրների շրջանառությունը դեպի Ռուսաստան, նաև՝ իրար հետ, փակ է: Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 10-ին, Կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով արտագնա աշխատանքի մեկնել ցանկացող քաղաքացիների խնդրին։
Վարչապետը տեղեկացրեց, որ առաջիկայում այդ հարցը քննարկման առարկա կդառնա ԵԱՏՄ շրջանակում և կփորձեն հասկանալ՝ ինչպես և ինչ ժամանակացույցով են դուրս գալու այս իրավիճակից։
«Ուղևորափոխադրումների վերականգնումն ու սահմանների բացումը տեղի կունենա սեպտեմբերի կեսից, և մի քանի օրից մեկ-երկու տասնյակ ավիաընկերություններ արդեն կվերականգնեն կանոնավոր չվերթերը դեպի Հայաստան»,- ասաց վարչապետը։
Փաշինյանը նաև հայտնեց, որ արտերկրից Հայաստան ժամանած քաղաքացիները, որոնք չեն ուզում կարանտինի մեջ մնալ 14 օր, կարող են օդանավակայանում թեստ հանձնել, և եթե պատասխանը բացասական է, կարանտին չեն անցնի:
Փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը տեղեկացրեց, որ ՀՀ մուտքի որևէ արգելք այս պահին չի գործում որևէ երկրի քաղաքացիների համար։
«Այժմ օդանավակայանում 20 նմուշառման կետ է կառուցվում, և ովքեր կցանկանան տեղում թեստավորվել, կունենան այդ հնարավորությունը»,- ասաց պարետը։
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ հավելեց, որ ԵԱՏՄ-ում պաշտոնապես բարձրացրել են կանոնավոր ուղևորափոխադրումների սցենարը հաստատելու հարցը՝ հույս հայտնելով, որ կգործի միասնական կանոն: