Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ներկայումս վայելում է իշխող «Իմ քայլը» խմբակցության և ՀՀ վարչապետի աջակցությունը: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է «Իմ քայլը» խմբակցության անդամ Տիգրան Ուլիխանյանը:
«Քանի դեռ Արայիկ Հարությունյանը, Հայաստանի Հանրապետության որևէ նախարար պաշտոնավարում է, ուղղակի նշանակում է, որ այդ նախարարը այդ պահին վայելում է «Իմ քայլը» խմբակցության և վարչապետի աջակցությունը»,- ասել է Ուլիխանյանը:
Նա շեշտել է, որ հակառակ դեպքում Հարությունյանը չէր զբաղեցնի տվյալ պաշտոնը:
Պատգամավորը նաև նշել է, որ խմբակցությունն առկա դժգոհությունը բավարար չի գնահատում նախարարի պաշտոնանկության հարց քննարկելու համար. «Օբյեկտիվ քննադատությունը ոլորտի ուղղությամբ սուղ է, ես ցավում եմ այս ուղղությամբ։ Վստահաբար ամենամեծ ոլորտն է, որ համակարգում է պարոն Արայիկ Հարությունյանը և ամենաբարդ, տարիների ընթացքում ամենաուշ արդյունք տվողը։ Ենթադրելի էր, որ պետք է լիներ ամենաքննադատված նախարարը, բայց այնուամենայնիվ, մեդիայի մեջ նետված թեմաները որևէ աղերս չունեն իրական փոփոխությունների հետ։ Եվ այն քիչ օբյեկտիվ քննադատությունները, որոնք հնչում են, այսօր դժվարություն ունենք այդ օբյեկտիվ քննադատությունը զատել»:
Նա մեկնաբանել է նաև իր խմբակցության անդամ Արսեն Ջուլֆալակյանի կողմից մանդատից հրաժարվելը: «Ես այդպես չէի վարվի, կարծում եմ՝ սխալ է Ջուլֆալակյանը վարվել։ Եթե առկա է այնպիսի լուրջ խնդիր, որ կարող է հանգեցնել Ազգային ժողովի պատգամավորի՝ մանդատը վայր դնելուն, ապա այդ խնդիրը անպայման պետք է քննարկված լիներ խմբակցությունում»,- ասել է պատգամավորը՝ ավելացնելով, որ այդպիսի հարց խմբակցությունում չի քննարկվել:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 9-ին «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը հայտարարել է պատգամավորական մանդատից հրաժարվելու մասին: Որպես նման քայլի պատճառ՝ նա նշել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հետ առկա տարաձայնություններ: