Խորհրդարանը քննարկում է պատգամավորներ Աննա Կոստանյանի, Մխիթար Հայրապետյանի, Վահագն Թևոսյանի, Արթուր Մանուկյանի, Արման Եղոյանի հեղինակած ««Կինեմատոգրաֆիայի մասին» և հարակից օրենքներում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը։
Օրենքների նախագծերի ընդունումը պայմանավորված է կինեմատոգրաֆայի ոլորտի համապարփակ կարգավորման և միասնական իրավական հիմքերի սահմանման անհրաժեշտությամբ:
Նշվում է, որ մինչ օրս Հայաստանի Հանրապետությունում բացակայում է կինեմատոգրաֆիայի ոլորտը կարգավորող իրավական ակտ, որի արդյունքում մի շարք կարևոր հարաբերություններ օրենսդրական կարգավորում չեն ստացել, իսկ առկա կարգավորումները չեն ապահովում եզրույթների օգտագործման միասնականությունը: Կարգավորված չեն ֆիլմարտադրության, ֆիլմերի վարձույթի, ցուցադրման, միջազգային կինոփառատոներին մասնակցության պետական ֆինանսավորման և պետական աջակցության այլ ձևերը: Որևէ կերպ չի խրախուսվում օտարերկրյա ֆիլմերի նկարահանումը Հայաստանի Հանրապետությունում: Կինոթատրոններում և հեռուստատեսությամբ ֆիլմերի հրապարակային ցուցադրումը իրականացվում է առանց տարիքային սահմանափակումների մասին նշում անելու, ինչը կարող է բացասաբար անդրադառնալ բարոյական նորմերի և երեխաների իրավունքների պաշտպանության վրա: Կարգավորված չէ ֆիլմերի վարձույթի իրականացման հետ կապված հարցերը, ըստ որի ֆիլմերի վարձույթը կիրականացվի օրինական դաշտում և կպաշտպանվեն բոլոր հեղինակային և հարակից իրավունքները:
Միաժամանակ, օրենքով կկանոնակարգվի կինեմատոգրաֆիայի ազգային մարմնի լիազորությունները, որի համաձայն հիշյալ մարմնի գործունեությունը կկարգավորվի օրենքով
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը՝ ներկայացնելով նախագիծը, նշեց, որ նպատակ կա կարգավորելու ֆիլմերի նկարահանման, ֆիլմերի վարձույթի, ցուցադրման, կինոփառատոններում և կինոշուկաներում մասնակցության համար պետական ֆինանսավորում սահմանելու և օտարերկրյա ներդրումների համար բարենպաստ պայմաններ ապահովելու։
Պատգամավորը նշեց նաև, որ պետք է միջոցներ ձեռք առնվեն տարիքային սահմանափակմամբ ֆիլմերը դասակարգելու ուղղությամբ ևս։
«Մինչ օրս ՀՀ-ում չկա կինեմատոգրաֆիայի ոլորտը կարգավորող իրավական որևէ ակտ։ Կարգավորված չէ ֆիլմերի նկարահանման, տարբեր կինոփառատոններում ներկայացնելու համար պետական աջակցության տրամադրման կարգը։ Չի խրախուսվում արտասահմանյան ֆիլմերի նկարահանումը՝ ՀՀ-ում։ Ինչպես նաև, ֆիլմերի ցուցադրումն իրականացվում է՝ առանց տարիքային սահմանափակման մասին տեղեկատվություն տրամադրելու։ Դա կարող է բացասաբար անդրադառնալ երեխաների դաստիարակության, հոգեբանության վրա»,- ներկայացրեց նա։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը հետաքրքրվեց, թե հիմա ինչո՞ւ է նշված, թե օրենքը պետք է ուժի մեջ մտնի 2030 թվականին։
Պատասխանելով՝ Աննա Կոստանյանն ասաց, որ տարբեր ժամկետներ սահմանելու պահանջը բխել է կինեմատոգրաֆիայի ոլորտի ներկայացուցիչների կողմից ներկայացված հիմնավորումներով։
«Օրենքի մի քանի դրույթ է ուժի մեջ մտնելու 2030 թվականից, իսկ բուն օրենքը ուժի մեջ է մտնում ընդունումից շատ կարճ ժամանակ անց։ Իսկ այդ դրույթների ուժի մեջ մտնելու հարա երկար ժամանակ է նշվում, որպեսզի օրենքի կարգավորումից հասկանանք՝ ի՞նչ ազդեցություններ են լիենում, որ հետո էլ տեսնենք՝ այդ դրույթներն այդպե՞ս պետք է մնան, թե՞ փոփոխման կարիք կունենան։ Մենք պետք է հասկանանք՝ պետությունը կինոյի զարգացման ոլորտը կարևորո՞ւմ է, թե՝ ոչ»։